«Իհարկե, ՍԴ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է». Լիլիթ Մակունց
«Հասցրել եմ դիտել Հրայր Թովմասյանի հարցազրույցը, մինչ բուն հարցին անդրադառնալը երկու կարևոր արձանագրում անեմ՝ հիմնվելով հարցազրույցի վրա, որը լսել ենք: Նախ՝ պետք է հստակ տարանջատել անձերին, ՍԴ դատավորներին, անդամներին Սահմանադրական դատարանից: Որպես ԱԺ պատգամավորի՝ ինձ համար ՍԴ անդամը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից և այն տեսանկյունից, որ տվյալ անձը չի ենթարկվում արտաքին ազդեցության: Այսինքն՝ որևէ անձի նկատմամբ ԱԺ-ի կողմից պահանջը բացառապես դա է»,- այս մասին խմբակցության ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել ՍԴ-ում եղած ճգնաժամը, որի մասին միշտ բարձրաձայնել է իշխող մեծամասնությունը, քանի որ Հրայր Թովմասյանը 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ըստ էության հայտարարեց, որ «զենքերը» վայր չի դնելու և մինչև վերջ գնալու է:
Ըստ Լիլիթ Մակունցի՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ, լիարժեք չի գործում:
Նրա դիտարկմամբ՝ ՍԴ-ում դատավորների համար գործում են երկու տարբեր ռեժիմներ, քանի որ անցումային դրույթները բացակայում են՝ թերի են, իսկ թե որն է դրա պատճառը, Մակունցն անմեղության կանխավարկածը չխախտելով՝ նկատեց՝ այն անցումային դրույթները, որոնք պետք է ապահովեին լիարժեք փոխանցում սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմին, չկան.
«Այս պահին այդ ամենն ապահովված չէ, և մենք արձանագրում ենք այս խնդիրը, այլապես ՍԴ-ի հետ կապված, բացի վստահության ճգնաժամից, ՍԴ-ի բնականոն աշխատանքի համար այս խնդիրը պետք է արձանագրել»:
Նա ընդգծեց, որ հաղորդման ժամանակ Հրայր Թովմասյանը փորձում էր հնարավորինս զերծ մնալ քաղաքական գնահատականներ հնչեցնելուց, չնայած ոչ ամբողջությամբ, օրինակ՝ նա խոսել է Արցախի հարցից, ինչը, Մակունցի բնորոշմամբ՝ քաղաքական խոսք է:
«Իհարկե, ՍԴ-ում ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է, մենք այս մի քանի ամիսների ընթացում արել ենք հայտարարություններ, որ մենք փորձում ենք գտնել լավագույն տարբերակը, կլինեն կրկին քայլեր, որոնք կբերեն իրավիճակի լուծման»,- շեշտեց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի բնորոշմամբ էլ՝ եթե նայեն Հրայր Թովմասյանի բոլոր հայտարարությունները, ապա կտեսնեն, որ նա հանդես է գալիս ընդդիմադիրների տեսանկյունից, ինչն անհամատեղելի է նրա պաշտոնի հետ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։