Բաժիններ՝

12 դեմոկրատ սենատորներ «դարի գործարքի» պլանը քննադատող նամակ են ուղարկել Թրամփին

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ: Նամակի տեքստը հունվարի 28-ին հրապարակվել է Մերիլենդի նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենի «Թվիթերում»։

Նամակն ստորագրած 12 օրենսդիրների թվում 2020 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու երեք հավակնորդներ են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը: «Մենք գրում ենք, որպեսզի մեր անհանգստությունը հայտնենք միակողմանի բնույթ կրող պաղեստինա-իսրայելական պլանի հրապարակման՝ ձեր որոշման առնչությամբ, որը կազմված է առանց որեւիցե պաղեստինյան մասնակցության եւ առաջակցության»,- ասված է նամակում:

Նամակում նշվում է, որ «դարի գործարքի» միակողմանի իրականացումը կարող է հանգեցնել Իսրայելի ինքնիշխանության հաստատման Հորդանանի հովտի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի հրեական բնակավայրերի նկատմամբ: Դեմոկրատները կարծում են, որ իրադարձությունների նման զարգացումը կխախտի միջազգային իրավունքը, եւ բացասական արձագանք կառաջացնի ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցների կողմից: Սենատորները նաեւ հայտարարել են, որ Սպիտակ տան առաջարկած լուծումները խախտում են պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ խարխլում Իսրայելի անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս