«Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Տեր-Պետրոսյանին ընտրակեղծիքների համար, բայց չի ձերբակալում
Կապանյան մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս բացահայտորեն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ:
Այդ ընտրություններին հաջորդած իրադարձությունները շատ նման էին 2008 թ-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին (միայն մեկ տարբերությամբ, որ 1996 թ-ի սեպտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհեր չկային): 1996 թ-ի դեպքերի ժամանակ բազմաթիվ մարդիկ ծանր վիրավորվեցին, հարյուրից ավել մարդ քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնվեց բանտերում: Սակայն, զարմանալիորեն, մեղադրելով Տեր-Պետրոսյանին Հայաստանում «Սահմանադրական կարգը տապալելու» և իշխանության բռնազավթման մեջ, պարոն Փաշինյանը նրան և նրա ընկերներին, որոնցից ոմանք հիմա իրենց զավակների հետ միասին տաքուկ տեղավորվել են կառավարությունում, ՏԻՄ-երում, ԱԺ-ում, իշխանական ԶԼՄ-ներում և այլն մեղադրանք չի առաջադրել, ինչպես նաև փոխհատուցում չի տրամադրել զինվորների և ոստիկանների հետ բախման ժամանակ տուժած քաղաքացիներին, ինչպես վարվեց 2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքների և վիրավորների պարագայում:
Տեսնես՝ ինչու՞… Ի՞նչ տարբերություն 1996 թ-ի և 2008 թ-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների միջև, եթե պարոն Փաշինյանը երկուսն էլ գնահատում է կեղծված:
Ավելին, պարոն Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեց նաև 1995 թ-ի ԱԺ ընտրությունները կեղծելու մեջ, հայտարարելով, որ «բոլոր ժամանակներում խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել»: Հիշեցնեմ, որ ԱԺ առաջին ընտրությունները ՀՀ-ում տեղի են ունեցել 1995 թ-ի հուլիսի 5-ին, երբ հանրապետության նախագահն էր պարոն Տեր-Պետրոսյանը:
Պարոն Փաշինյանն այս ամենն արդարությունից դրդված չի ասում:
Մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրակեղծարարության մեջ` Փաշինյանը նրան և իշխանության մեջ բավական բարձր դիրքեր ունեցող «լևոնականներին» մեսիջներ է հղում, որ վերջիններս ավելի հնազանդ լինեն՝ հատկապես հայտնի «լևոնական» Վլադիմիր Կարապետյանի վարչապետի մամլո խոսնակի հրաժարականից հետո:
Այլապես զարամանլի է, երբ վարչապետ Փաշինյանը մեղադրում է ՀՀ առաջին նախագահին հանցագործությունների մեջ, բայց նրան չի բանտարկում, ավելին՝ համագործակցում է նրա թիմակիցների հետ:
Ի դեպ, վերջին շրջանում սա երկրորդ դեպքն է, երբ պարոն Փաշինյանը բացահայտ մեղադրում և պիտակավորում է ՀՀ առաջին նախագահին. 2019 թ-ի նոյեմբերի 20-ին, ելույթ ունենալով Միլանի Հայ առաքելական եկեղեցում հավաքված տեղի հայության առաջ և պատասխանելով վերջիններիս հարցերին, Փաշինյանը հայտարարեց. «Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար: Այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թ-ից և որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը…»:
Ստացվում է, որ, ըստ պարոն Փաշինանի, Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրակեղծարար է և չարիք Հայաստանի համար, ով, ինչպես երևում է՝ յուրային «չարիք» է:
Հ.Գ. Ի դեպ, մեղադրելով Տեր-Պետրոսյանին ընտրությունները կեղծելու մեջ պարոն Փաշինյանը նաև ընդունում է այն փաստը, որ 2008 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է ընտրակեղծարարին: Պարադոքսալ է, բայց փաստ է:»: