ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2019 թվականին իրականացված աշխատանքները
Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալների և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ.-ին զինծառայողների կոմունալ կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման, շենք-շինությունների, կոմունալ կառույցների և կոմունիկացիոն համակարգերի ընթացիկ նորոգման ու սպասարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կազմակերպված ընթացիկ նորոգման աշխատանքների, շենք-շինությունների, հողանցման եզրագծերի, կոմունիկացիոն համակարգերի՝ ջրագծերի և կոյուղագծերի, տանիքների, էլ.համակարգերի, օդափոխության համակարգերի նորոգման, արևային էներգիայի ստացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումների զորանոցային և գրասենյակային գույքի ու կահույքի ապահովման հարցեր:
Արձանագրվել է ԶՈՒ թիկունքի վարչության կազմում նոր կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության ձևավորման փաստը, որի գործառութային խնդիրներից է զորանոցային-բնակելի ֆոնդերի, կոմունիկացիոն համակարգերի, ինժեներական հաղորդակցության միջոցների և սարքավորումների շահագործման ղեկավարման ու վերահսկման համապատասխան աշխատանքների իրականացումը, ՊՆ ԿՇ և ԱԲ վարչության հետ համատեղ զորամասերում զորանոցային-բնակելի ֆոնդերի և ինժեներական կոմունիկացիաների շահագործման պահանջների համար անհրաժեշտ պահեստային մասերի, ընթացիկ նորոգման համար նյութերի ու սարքավորումների ձեռքբերման պլանավորումը և գնումը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցության ավարտին համապատասխան հանձնարարականներ է տվել զինծառայողների կոմունալ կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ 2021-2024թթ. պլանավորված աշխատանքների իրականացման վերաբերյալ: