«Պարոն Փաշինյան, ձեզ մոլորեցնում են՝ ասելով իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան»
Պարոն Փաշինյան, ձեզ մոլորեցնում են՝ ասելով իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։
«Հարգելի պարոն Փաշինյան, ուշադիր հետևում էի ձեր մամուլի ասուլիսին, մասնավորապես, ավիացիայի մասին հարցին, որը դուք ինքներդ բարձրացրեցիք։ Հերթական անգամ պետք է նշեմ իմ կարծիքը, որ ձեզ մոլորեցնում են՝ ասելով իբր այս ոլորտում հաջողություններ կան…Ես 20 տարվա ավիացիոն ստաժ ունեմ, բազմաթիվ ավիացիոն ուսուցման վկայագրեր, երբեք չեմ աշխատել պետական սեկտորում, վերջին 5 տարում էլ ընդհանրապես չեմ աշխատում։ Հեղափոխությունից հետո ձեզ բազմիցս դիմեցի, որ ընդունեք, բայց դուք ինձ ընդունելու ժամանակ այդպես էլ չգտաք։
Ես չեմ կիսում ձեր այն միտքը, որ Ryanair-ի մուտքը Հայաստան մեծ հաջողություն է, ամենևին, ավիացիայում կա հստակ հերթականություն`սկզբից երկրում դրոշակակիր ավիաընկերություն ստեղծել և շահագործել, նոր ստեղծել լոուքոսթեր`մասնավոր, բայց վերահսկելի։ Լոուքոսթերների մուտքը Հայաստան ամբողջությամբ չեզոքացրեց տեղական փոխադրող ստեղծելու գաղափարը, և դրա կայանալը`հնարավոր ներդրողների համար ավելի ռիսկային դարձավ նման ծրագիրի իրականացումը, երբ ուզես թե չուզես պետք է հաշվարկես լոուքոսթրների մարկետինգային խաղերով ներկայացվող էժան գները և ստանդարտ փոխադրողի գները համադրես դրանց հետ։ Երևանից դեպի Հռոմ 50$-ով թռչելը և սուրճ խմելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև 1 ուղևորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը կազմում է 175$…
Մասնագետ հին ավիացիոն կադրերի մեծամասնության հեռանալը ՔԱԿ-ից, և դա ողջունելը ու դրական լույսի տակ ներկայացնելը նույնպես համարում եմ մոլորություն, որովհետև ՔԱԿ-ի հիմնական և կարևորագույն գործառույթը թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն է և ոչ կոմերցիոն բանակցություններին մասնակցելը։
Այո, որոշ սխալներ եղել են և դրանք շտկվել են, բայց դա ամենօրյա գործ է, մշտապես վերահսկել փաստաթղթերը, եթե ՔԱԿ-ի առաջ ճիշտ խնդիրներ դրվեն`մանրամասն ուսումնասիրել տեղական փոխադրողների թռիչքային փաստաթղթավորումը, անվտանգության նորմատիվները, և դա արվեր 2 տարի առաջվանից սկսած, ապա Աֆրիկայում թռչող օդանավերին հիմա չէիք փնովի, թերությունները վաղուց կհայտնաբերվեին։ Ասեմ, որ հենց այստեղ է ավիացիան հանդես գալիս որպես բիզնես․ որտեղ հարկերը քիչ են, բիզնես գնում է այնտեղ։
Աշխարհի լավագույն ավիաընկերությունները հիմա թռչում են այնտեղ․ հիմա առաջվա Աֆրիկան չկա։ Հայաստանում դեռևս կան ավիացիոն մասնագետներ, ովքեր ունակ են շահագործելու տեղական փոխադրողներ, պետք չի և ճիշտ չի բոլորին մի շղարշով չափել և հներին փնովել, հիմնվելով իրենց հասցեին անհիմն և կեղծ աղբյուրներից ստացված հերյուրանքների վրա։ Ryanair-ի և մյուս Եվրոպական լոուքոսթերների բերելը առանց սուբսիդավորման անհնար է`ինչքան էլ, որ հայտարարվի, որ բյուջեից գումարներ չեն տրվում։
Միևնույն է ինչ-որ գրանտներ և օդանավակայանային այլ անուղղակի սուբսիդիաներ տրամադրվում են։ Ryanair-ը հաջողությամբ թռչում է Եվրոպայում, միայն երկրորդային օդանավակայաններում, ստանում է անուղղակի սուբսիդավորում, թռիչքների տևողությունը`1-ից 1,5 ժամ է, իսկ դեպի Երևան չվերթերը 3,5-ից 4 ժամ են`ինչ-որ մեկը պետք է Ryanair-ի կորուստների հետ կապված հավելյալ ծախսերը փոխհատուցի…
Հաջորդ կարևոր թեման`ռուսական փոխադրողները տիրապետում են հայկական ուղևորափոխադումների շուկայի մոտ 70%-ին, իսկ իրենց օդանավակայանների սակագները և նավիգացիայի սակագները իրենց փոխադրողների համար մոտ 2-3 անգամ ավելի էժան են, քան ՀՀ-ում գրանցվածներինը։ Այս թեմայով պետք է զբաղվեր ՔԱԿ-ը անցած 2 տարվա մեջ, և եթե հասներ արդյունքի, ես էլ կծափահարեի։
Տաթևիկը լավ անգլերեն գիտի և ազնիվ, ավյունով լցված երիտասարդ է, բայց իրեն չգիտեմ` ինչու նշանակել եք անվտանգության վրա վերահսկողություն ապահովող կառույցի ղեկավար, ըստ իս սա ոչ մի պարագայում չի կարող համարվել արդյունավետ որոշում»,-նշել է նա։