«Կիսանախագահական համակարգն անպատասխանատու կառավարման համակարգ է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է 5 տարի առաջ փոփոխված Սահմանադրության նոր բարեփոխում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի 1986-Ա որոշմամբ՝ պետք է ձևավորվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով, որն էլ կիրականացնի Կառավարության առջև դրած նպատակները: Որոշման համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից: Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների առաջադրած 2 ներկայացուցիչ:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումն ու առհասարակ բարեփոխումների իրականացումը շատերի մոտ անհասկանալի, անգամ՝ հակասական կարծիքներ է առաջացրել: Եղան մարդիկ, ովքեր տեսակետ հայտնեցին, թե իշխանությունը հավանաբար նպատակ ունի սրանով փոխել պետության կառավարման համակարգը, ընդհուպ՝ գնալ դեպի միապետություն, կամ էլ այս քայլով փորձում է մեկ այլ եղանակով ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից:
Մի՞թե վարչապետը ցանկանում է խորհրդարանական կառավարման ձևից անցում կատարել կիսանախագահական կառավարման ձևին: Հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց իր մեկնաբանությունը:
«Կիսանախագահական համակարգը Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է, և դա գործնականում մենք բոլորս իրար հետ միասին տեսել ենք, և դա ապացուցվել է: Դա ձախողված և Հայաստանը ձախողած կառավարման համակարգ է»,- Կապանում տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այս կիսանախագահական կառավարման համակարգին անցնելու հնարավորության մասին հարցը Նիկոլ Փաշինյանին ստիպեց վերհիշել 2018 թվականի ապրիլ-մայիսյան օրերը: Ասում է, թե այդ օրերից հետո եղել են մարդիկ, որոնք իրեն հորդորել են արագ վերականգնել կիսանախագահական համակարգը: Ըստ Փաշինյանի՝ այդ մարդիկ իրենց առաջարկը բացատրել են հետևյալ կերպ: Ասել են, թե կիսանախագահական համակարգը լավն էր այնքանով, որ փաստացի բոլոր լծակները եղել են նախագահի ձեռքում, իսկ պատասխանատվությունը՝ վարչապետի ձեռքում: Եվ հենց որևէ խնդիր է առաջացել, նախագահը հաջողությամբ իր պատասխանատվությունը դրել է վարչապետի վրա, ապա աշխատանքից ազատել նրան:
Փաշինյանը լրագրողներին ներկայացրեց նաև իր պատասխանը:
«Ասում էի, որ կարծում եմ՝ պետության իրական լիդերը, և ես էլ, որպես անձ, կյանքում իմ պատասխանատվությունը ուրիշի վրա չեմ գցի: Որովհետև հենց մեր երկրի ձախողումները եկել են այդ անպատասխանատվությունից: Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կիսանախագահական կառավարման տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել:
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում պետք է լինի կա՛մ ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կա՛մ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ նախագահը նաև կառավարության ղեկավարն է:
«Իմ կարծիքը հետևյալն է՝ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ այս կառավարման համակարգը մեզ համար պրոբլեմ է: Մեր այս կառավարման համակարգը մինչև այս պահը նոր է, եկեք տեսնենք՝ ինչ է տեղի ունենում: Փառք Աստծո, ամեն ինչ լավ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նպատակին, գործադիրի ղեկավարն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումն այսօրվա քաղաքական իրողություններին, հետո էլ կոնկրետացրեց՝ խոսքը ժողովրդի իշխանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության մասին է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում