«Թող 5000 դրամ ավելի ծախսեն, գան վարչապետի ասուլիսին». Վարչապետը չի ցանկանում պետական բյուջեն ծախսել լրագրողների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում կան քաղաքական տարբեր ուժեր, որոնց գործունեության ձևը միշտ եղել է իշխանությունների հետ առևտուր անելը, և եթե իշխանությունը մերժում է  որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում:

«Նոր ընդդիմությունը պետք է իշխանությունների հետ քաղաքական առևտրի տրամաբանությունից դուրս գա, քանի որ մեր իշխանությունը քաղաքական առևտուր չի անում, ասել ենք, բացատրել ենք, օրինակ ենք ծառայել»,- այսօր Կապանում հրավիրած մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ այս անգամ Կառավարությունը լրագրողներին չբերեց Կապան, այլ թողեց, որ յուրաքանչյուրն իր ծախսերի հաշվին հասնի այնտեղ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Դուք մեզ միշտ մեղադրում եք պետական միջոցներն աննպատակ ծախսելու համար, դրա համար մենք չենք ուզում պետական բյուջեն ծախսել: Սրանից հետո ավելի նպատակային ենք ծախսելու պետական բյուջեի միջոցները: Որոշ լրատվամիջոցներ կոռումպացված շրջանակներից բավարար չափով ֆինանսավորում են ստանում, թող 5 հազար դրամ ավելի ծախսեն, գան վարչապետի ասուլիսին, ինչո՞ւ մենք պետական բյուջեով պետք է ծախսենք դրա համար»,- շեշտեց նա:

Լրագրողի դիտարկմանը, որ կարելի էր ասուլիսը այլ մոլորակում կազմակերպել, վարչապետը նկատեց.

«Հուսամ, այս երկիրն այնքան կզարգանա, որ ես իմ վարչապետության շրջանում որևէ այլ մոլորակում ասուլիս անցկացնելու հնարավորություն կունենամ: Ես հայտարարել եմ, որ առաջիկա ասուլիսները տեղի են ունենալու մարզերում, որպեսզի մարզերի  բնակավայրերի տեսանելիությունը դրսի համար բարձրացնենք»,- ընդգծեց վարչապետը:
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս