Վարչապետը հերքում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մասին հայտարարությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե իրենք պետական հեղաշրջման փորձ են կատարել:
Վարչապետը նշեց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարության հետ կապված գործ ունեն ժամանակակից լրատվության ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային ընթերցում»:
«Այսինքն՝ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում և ընկալում, այլ վերնագիրը: Արմեն Գրիգորյանը կոնկրետ նման հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել է նման եզրակացության: Օրինակ՝ ժամանակակաից աշխարհում կա նման տերմին՝ հիբրիդային պատերազմ, որի ամբողջ իմաստն այն է, որ այդ պատերազմն ընթանում է, բայց այն որևէ մեկը չի նկատում: Եթե Արմեն Գրիգորյանի այդ հայատարությունն այսպես ճշգրիտ ձևակերպենք և փորձենք մեկնաբանել, ապա պետք է մեկնաբանենք, որպես հիբրիդային ինչ-որ երևույթ: Եթե այսպես ձևակերպենք, կարող ենք դա նաև անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատարստություններ: Հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, քանի որ այդ գործընթացը վերջնակապես ջախջախված է ու պարտված»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար:
«Այս ամենի մեջ, ընդ որում, ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, մի ժամանակ մտածում էի, որ ամբողջ դատական համակարգն է ներգրավված այդ գործընթացում, բայց, փառք Աստծո, ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ, պարզապես առանձին փոքր խմբեր կան: Սահմանադրական դատարանը կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ: Բայց ուրախ եմ արձանագրելու, որ կարծես թե ՍԴ-ի անդամների 80 տոկոսն այդ գործընթացում չի ներգրավվել: Չասեք՝ անուններ տամ, որովհետև ես անուններ տվեցի, ուղղակի թույլ տվեք, ինձ կոնկրետ անուն-ազգաննուններ ասելու տհաճությունից ազատել»,- ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում