Լոս Անջելեսի հանրահավաք, ամանորյա դասական համերգ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ԱՄՆ կենգրեսի և Սենատի բանաձևերը… կառավարության «ձեռբերումները»՝ ըստ Նիկոլ Փաշինյանի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կազմակերպած իր ասուլիսը սկսեց «Նոր Հայաստանի մասին նոր 100 փաստի» հրապարակմամբ: 168.am-ը առանձնացրել է այդ փաստերի շարքերում տեղ գտած զավեշտալի կետերը:
Օրինակ, 28-րդ կետում Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է գյուղմթերքների արտահանումը՝ նշելով, որ 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ:
• Խնձոր – աճը 3240 տոննա կամ 32%
• Կեռաս – աճը 1440 տոննա կամ 35%
• Արքայանարինջ – աճը 2000 տոննա կամ 96%
• Թութ, թուզ, հաղարջ, մոշ- աճը 700 տոննա կամ 86%
• Ելակ, ազնվամորի – աճը 725 տոննա կամ 172%
• Բալ, հոն – աճը 150 տոննա կամ 27%
• Լոլիկ – աճը 4300 տոննա կամ 23%
• Վարունգ – աճը 6600 տոննա կամ 266%
• Ծաղկակաղամբ, բրոկոլի – աճը 1500 տոննա կամ 45%
• Բողկ – աճը 730 տոննա կամ 58%
• Սունկ – աճը 840 տոննա կամ 148%
• Պղպեղ – աճը 280 տոննա կամ 47%
• Սմբուկ – աճը 600տոննա կամ 65%
• Ձմերուկ, սեխ – աճը 225 տոննա կամ 50%
Նրա խոսքով՝ 2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ «սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին»:
29-րդ կետում նա առանձնացրել է Իրանի տարածքով կենդանի կենդանիների տանացիկ արտահանման համաձայնությունը: «Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տանացիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինթնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, ԱՄԷ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացմանը»:
55-րդ կետում Նիկոլ Փաշինյանը հատուկ առանձնացրել է այն, որ 2019-ի ընթացքում, Հայաստանի Բարձրագույն որակաորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան: Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան: գոհութնակությամբ արձանագրում ենք նվազում:
Զավեշտալի փաստերի շարքում տեղ է գտել նաև տարին «դասական համերգով ամփոփելու ավադույթ», որն ընդունված է որոշ երկրներում:
Նիկոլ Փաշինյանը նաև ձեռբերում է համարում դեռևս նախաքննության փուլում գտնվող «օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր»: Նա դա ներկայացրեց որպես «բացահայտված» փաստ: «Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրությամբ կոպիտ խախտմամբ կազմակերպվել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից»,- հայտարարեց նա:
Ուշագրավ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նաև ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներիը՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևերը: Նա միաժամանակ նաև հայտարարում է, որ դա տեղի է ունեցել «աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունքում»: «Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև՝ աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է»,- ասում է նա:
85-րդ կետում նա որպես փաստ ներկայացնում է նաև «Time» պարբերականի լրագրողի տպավորությունները 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքների վերաբերյալ, որտեղ հոդվածագիրը Հայաստանն անվանել է «Կովկասյան վագր»:
90-րդ կետում նա նշել է. «Ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն դրամ»:
Նա նաև շատ կարևոր փաստ է համարում դեկտեմբերի 31-ի գիշերը իր ամանորյա շնորհավորական ուղերձը, որը հեռարձակվել է ուղիղ եթերում:
Սակայն սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի Լոս Անջելես կատարած հայտնի աղմկահարույց այցն ու հանրահավաքը նույնպես «100 փաստերի» շարքում է. «Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անգելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չի ունեցել»,- ասված է «100 փաստ» ձեռնարկում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը կարևոր ձեռքբերում է համարում հետևյալը. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել»:
Եվ սա այն դեպքում, երբ նրան հիշեցրել էին, որ իր հարցաքննությունը չի կարող համարվել «աննախադեպ», քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական գործով հարցաքննվել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հ.Գ. «100 փաստերի» զավեշտն այսքանով չի ավարտվում: Առաջիկայում մենք կանդրադառնանք նաև մյուս կետերին: