Բաժիններ՝

ՉԺՀ-ի իշխանությունները տուրիստական գործակալություններին արգելել են ուղեգրեր վաճառել. Bloomberg

Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը տուրիստական գործակալություններին արգելել է ուղեգրեր վաճառել երկրում եւ արտասահմանում ճամփորդելու համար: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության կարգադրությունը։ Այդ միջոցները ձեռնարկվել են Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար:

Ինչպես այսօր հայտնել են չինական ԶԼՄ-ները, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի կենտրոնական հրամանատարությունը որոշել է զինվորական բժիշկներին ուղարկել Ուհան՝ պայքարելու կորոնավիրուսի տարածման դեմ: Սպասվում է, որ նրանք կտեղավորվեն քաղաքային հիվանդանոցներում եւ կօգնեն տեղի բժիշկներին ու բուժքույրերին:

Բացի այդ, հունվարի 24-ին «Սինհուա» գործակալությունը հայտնել է, որ ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ յուան (145 մլն դոլար) է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հուբեյի նահանգին օգնելու համար:

Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել է մինչեւ 26: Ներկայում արդեն մահվան երկու դեպք է արձանագրվել հիվանդության տարածման սկզբնական տարածաշրջանի սահմաններից դուրս. մեկը՝ Հեբեյի նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ): Հիվանդության մի քանի դեպքերի մասին է հայտնի Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում:

Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար: Ինչպես նշվում է, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ:

Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:
Քաղաքում կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ միջոցներ, պարզաբանել է նա: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մինչ այժմ Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացել է 29 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է:

Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից: Նշվում է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության՝ ձեռնարկվող միջոցների շրջանակում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն:

«Սպասվում է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկատվությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչի խոսքով՝ ԱՀԿ-ն եւ նրա փորձագետները կարող են ուսումնասիրել MERS վիրուսի դեմ պատվաստանյութերը եւ դրա բուժման եղանակները՝ նոր կորոնավիրուսի դեմ հնարավոր օգտագործման համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս