Արմեն Գրիգորյանը՝ ուժայինների լուսանցքո՞ւմ

Հունվարի 13-ին Factor.TV-ի եթերում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի կողմից իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է պետական հեղաշրջման փորձ կատարելու համար:

168.amդիմել էր ՀՔԾ՝ հասկանալու համար, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՔԾ-ն Հրաչյա Հակոբյանի հայտարարության բովանդակության վերաբերյալ: Ուղիղ մեկ օր անց մեզ պատասխանեցին՝ չենք ուսումնասիրել տեսանյութը, կուսումնասիրենք:

Հունվարի 15-ին 168.am-ը նույն հարցն ուղղել էր նաև Գլխավոր դատախազությանը: Մեզ պատասխանեցին, որ տեսանյութը, իհարկե, դիտել են, դայց Դատախազությունում ուսումնասիրվում է «Հայկական Ժամանակի» նյութը»: Թերևս, Գլխավոր դատախազությունն առաջնորդվել էր այն տրամաբանությամբ, որ իր հարցազրույցում Հրաչյա Հակոբյանը հղում էր կատարում վերոնշյալ հարցազրույցին, այդ պատճառով էլ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկան «Հայկական Ժամանակի» (ՀԺ) հրապարակումն է:

Օրեր անց 168.am-ը կրկին հարց ուղղեց համապատասխան գերատեսչություններին:

Մեր հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցազրույցը, դիտե՞լ են արդյոք տեսանյութը, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանեցին, որ դիտել են, ուսումնասիրել, սակայն վարույթի հարուցման համար բավարար հիմքեր չեն գտել:

Սա նշանակում է, որ ԱԺ պատգամավորը ապատեղեկատվություն է տարածել կամ այնքան չի պատկերացրել իր խոսքի կարևորությունը, որ շատ հանգիստ իրեն թույլ է տվել անել մի հայտարարություն, որը շփոթության մեջ է գցել առնվազն ողջ լրատվական դաշտին ու պետության ճակատագրով իսկապես մտահոգ հասարակության մի ստվար հատվածի, ու հիմա ՀՔԾ-ն, փաստորեն, փաստում է, որ մենք, թերևս, շատ ենք կարևորում իմքայլական պատգամավորների ելույթները: Ըստ էության մենք ավելի լուրջ ենք վերաբերվում ինստիտուտին, քան մանդատ ունեցողներից շատերը:

Գլխավոր դատախազությունից էլ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչ նորություն կա վերոնշյալ հոդվածի ուսումնասիրության մասով: Դատախազությունից պատասխանեցին, որ «Հայկական Ժամանակի» հրապարակումը ուսումնասիրելուց հետո Դատախազությունն այն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ստուգման:

Ուզում ենք հավատալ, որ ԱԱԾ-ից հետո  «ՀԺ»-ի հրապարակումը ստուգման ուղարկելու այլ մարմին չկա, և վերջապես «պետական հեղաշրջման փորձ» ասվածը մատի փաթաթան դարձրած ու աջ ու ձախ շահարկող յուրաքանչյուր արտահայտության կտրվի համապատասխան, այդ թվում՝ նաև քրեաիրավական գնահատական:

Ի դեպ, երեկ կրկին Factor TV-ի եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը կրկնեց միտքը, թե պետական հեղաշրջման փորձեր եղել են: Ավելին, այդ միտքը զարգացրեց նաև այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ:

«Տարբեր մարդիկ են եղել, այս պահին անուններ չեմ նշի»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ խոսելով երեկվա իր կատարած հայտարարության մասին՝ կապված հեղաշրջման փորձերի հետ:

Պատասխանելով այն հարցին, թե ինքն անուններ չի տալիս, բայց իրապահներն արդյո՞ք զբաղվում են այդ հայտարարությամբ, քանի որ իրականում շատ լուրջ մեղադրանք է հնչեցրել, ԱԽ քարտուղարն ասաց, որ «ինչ-որ մտքեր ու գաղափարներ ունենալը մի քիչ դժվար է դատապարտելի լինել»՝ հավելելով, որ «գործողություններն էլ այնպիսին են, որ երբեմն դրանք հստակ կապելը  նպատակի ու երազանքների  մարդկանց հետ, դժվարություն է առաջանում»:

«Բայց կարող եմ ասել՝ կանխվել է, և այժմ որևիցե վտանգ չկա»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ նկատելով, որ կանխվելուց հետո տարբեր հետևանքներ են եղել, ընդհուպ՝ պաշտոնանկություններ, քրեական գործերի անհրաժեշտության դեպքում էլ կլինեն նաև քրեական գործեր:

ԱԽ քարտուղարի հետագա խոսքից պարզ դարձավ, որ պետական հեղաշրջման փորձ ասելով՝ նկատի ունի ֆեյք նյուզի՝ կեղծ լուրերի տարածումն ու իրենց քաղաքական թիմին սևացնելու փորձերը:

Ահա այսպիսի տրամաբանական շղթա: Արմեն Գրիգորյանի խոսքից հանգում ենք այն հետևության, որ կամ պետական ուժային կառույցները՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Գլխավոր դատախազությունը, չեն աշխատում Անվտանգության խորհրդի հետ, պատշաճ ինֆորմացիա չեն տրամադրում երկրի անվտանգային իրավիճակի հետ կապված, կամ տեղի է ունենում միմյանց սևացնելու ու ամենալավ աշխատողն ու ամենահավատարիմը վարչապետի աչքին երևալու փորձ, կամ էլ՝ երկուսը միասին: Իսկ առհասարակ ուժային կառույցները ճիշտ կանեն Արմեն Գրիգորյանի հետ սեմինար պարապմունք իրականացնեն ՀՀ Քրեական օրենսգրքի թեմայով, այլապես ԱԽ քարտուղարը կարծես թե այնքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ ասել է՝ պետական հեղաշրջման փորձ:

Մի ուշագրավ միտք էլ հայտնեց ԱԽ քարտուղարն այսօր ճեպազրույցի ժամանակ:

168.am-ի լրագրողի դիտարկմանը, թե ԱԱԾ-ից ասել են, որ պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկատվություն չունեն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ ԱԱԾ պատասխանն այնպիսին չէ, ինչպիսին որ ներկայացվում է:

«Ես այդ հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը: Եվ այստեղ, թերևս, ԱԱԾ-ն խնդիր ունի:

Տեսանյութեր

Լրահոս