Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայկական ժամանակի» հրապարակումը
Օրերս Factor.TV-ի եթերում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի կողմից իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է պետական հեղաշրջման փորձ կատարելու համար:
Ճիշտ է, նա անընդհատ հղում էր կատարում դրանից առաջ վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքում հրապարակված հոդվածին, որում հազար ու մի մեղքեր էին մեղսագրվում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, բայց ամեն դեպքում մի քանի անգամ կրկնեց, որ ժողովուրդը հասկացավ, որ Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատել են պետական հեղաշրջման փորձի համար:
168.am-ը Հրաչյա Հակոբյանի այդ հայտարարության վերաբերյալ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ հասկանալու համար, թե իրավապահ այդ կառույցն ի՞նչ քրեաիրավական գնահատական է տվել այդ հայտարարությանը:
ՀՔԾ-ից մեզ ասել էին, որ չեն ուսումնասիրել տեսանյութը, կուսումնասիրեն: Դժվար է, իհարկե, հավատալ, որ այդ աղմկահարույց տեսանյութը ՀՔԾ-ում չեն դիտել: Առավել հավանական է, որ պարզապես չգիտեն՝ ինչ ասել, ինչպես արձագանքել:
Այսօր 168.am-ը նույն հարցն ուղղեց նաև Գլխավոր դատախազությանը: Մեզ պատասխանեցին, որ տեսանյութը, իհարկե, դիտել են:
«Բայց Դատախազությունում ուսումնասիրվում է «Հայկական ժամանակի» նյութը»,- ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի ուսումնասիրվում Հրաչյա Հակոբյանի հարցազրույցը, ասացին, որ քանի որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր հարցազրույցում հղում էր կատարում վերոնշյալ հարցազրույցին, այդ պատճառով էլ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրության առարկան «Հայկական ժամանակի» հրապարակումն է:
Գլխավոր դատախազությունում, փաստորեն, կարծում են, որ Հրաչյա Հակոբյանն իր սեփական մտքերը չի բարձրաձայնել: