Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը ՀՔԾ-ում դեռ չեն ուսումնասիրել. կուսումնասիրեն
Երեկ Factor.TV-ի եթերում Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի կողմից իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է պետական հեղաշրջման փորձ կատարելու համար:
Հնչեցրածը, հիրավի, առնվազն խիստ տարօրինակ հայտարարություն էր այն առումով, որովհետև եթե պետական հեղաշրջման փորձ կատարելու համար է ԱԱԾ նախկին տնօրենն ազատվել աշխատանքից, իսկ այդ փորձը ենթադրում է քրեական պատասխանատվություն, ինչո՞ւ Արթուր Վանեցյանի արարքին այդ ժամանակ քրեաիրավական գնահատական չի տրվել:
Ըստ էության Հրաչյա Հակոբյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամը, հաղորդում տվեց հանցագործության մասին, և բնական է, որ երեկ երկրի հասարակական-քաղաքական միտքը սևեռված էր այդ հայտարարության ձևի և բվանդակության վրա:
Երեկ Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) 168.am-ը հենց այդ հարցն ուղղեց՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել ՀՔԾ-ն Հրաչյա Հակոբյանի հայտարարության բովանդակության վերաբերյալ:
Ուղիղ մեկ օր անց մեզ պատասխանեցին՝ չենք ուսումնասիրել տեսանյութը, կուսումնասիրենք:
Փորձենք հավատալ, որ ՀՔԾ-ում դեռ չեն էլ դիտել երեկվանից աղմուկ առաջացրած նշյալ տեսանյութը, որը կից ներկայացնում ենք, և կսպասենք, որ ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, ուսումնասիրի Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը։ Մեր ընթերցողին տեղեկացնենք, որ պարբերաբար հետաքրքրվելու ենք այդ հայտարարության ճակատագրով ու ՀՔԾ-ի արձագանքով, գործողություններով կամ անգործությամբ: