Առաջինն ի՞նչ հրահանգ է տվել Փաշինյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին ահազանգը լսելուց հետո
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից հետո գուցե շատերին էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հրահանգներ իջեցրել է գործն առանձնակի ուշադրությամբ քննելու համար, կամ արդյո՞ք կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն ապահովելու համար: Այս հարցը հետաքրքրել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին:
«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, իմ միակ հրահանգը ոստիկաններին եղել է հետևյալը. հնարավորինս օպերատիվ տեղ հասնեն և պահպանեն դեպքի վայրը: Այսինքն՝ դեպքի վայրը պահպանել, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որպեսզի քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա»,- հարցին պատասխանելիս՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե չի կարող ասել, թե «ինչքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը»:
Անդրադառնալով նախկին պաշտոնյաների պաշտպանությունն իրականացնելուն՝ վարչապետն ասաց, թե այն դեպքերում, երբ պահպանություն իրականացնելու իրավական հիմք չկա, իրենք չեն կարող դա անել:
«Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները և դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք՝ դրանից հետո ինչ էր լինելու: Ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով է հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, թե ընդդիմությանը հետապնդում են: Պետք է իրավական հիմք լինի, և կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է»,- ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենատոտալիտար համակարգերում ամեն ինչ չէ, որ իշխանությունը կարողանում է վերահսկել, էլ ուր մնաց՝ ժողովրդավարական համակարգերում վերահսկել կարողանալ: Փոխարենը՝ վարչապետը վստահ է, որ, եթե Կուտոյանի մերձավոր շրջանակները համագործակցեն ՔԿ-ի հետ, ապա այս գործն ամբողջությամբ կբացահայտվի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: