«Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ցավակցություն եմ հայտնել սգակիր ընտանիքին, իսկ ի՞նչ պետք է աներ վարչապետը». Նիկոլ Փաշինյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանն անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատգամավորի պարզաբանման խնդրանքին ի պատասխան: Ըստ վարչապետի՝ այն, որ մահվան առթիվ Քննչական կոմիտեում շրջանառվող հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելու վարկածն է, պետք է ստիպի Կուտոյանի հարազատներին համագործակցել ՔԿ-ի հետ:
«Ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, և կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունը ամբողջությամբ և 100%-ով բացահայտվի: Ասել եմ և ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը, մինչև ամենավերջին դետալը բացահայտվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն այնքան էլ համամիտ չէ, ինչպես ինքն է ասում, նախորդ իշխանության շրջանակների բարձրացրած այն աղմուկին, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
«Գիտե՞ք ինչ, վարչապետին ենթակա ԱԱԾ պատվոպահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը, ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է ԱԽ քարտուղարը՝ որպես կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Իսկ ի՞նչ պետք է աներ վարչապետը: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ ցավակցություն եմ հայտնել սգակիր ընտանիքին: Իսկ ի՞նչ պետք է աներ ուրիշ կառավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը զարմանում է՝ ինչո՞ւ աղմուկը բարձրացրած մարդիկ նման աղմուկ չէին բարձրացրել, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպք տեղի ունեցել:
«Նրա՞նք էլ, նրանք ի՞նչ, վերաբերմունքի տարբերություններ ունեն»,- հարց ուղղեց վարչապետն ու հավելեց, թե իր կառավարության համար նրանք պարզապես նախկին պաշտոնյաներ են եղել, այն էլ՝ վիճահարույց ժամանակահատվածներում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում