«Պարոն Փաշինյան, ինչո՞ւ չեք արձագանքում այս խայտառակ անհեթեթությանը, մի՞թե գոհ եք ստեղծված իրավիճակից». Անդրանիկ Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ,
դեպի Հայաստան իմ մուտքի ակնհայտ հակաօրինական արգելքի պառճառով, արդեն երկու ամիս է, ինչ ես չեմ կարողանում վերադառնալ Հայրենիք։ Այս ընթացքում դիմել եմ ՀՀ գրեթե բոլոր պատկան մարմիններին՝ խնդրելով վերականգնել իրավական արդարությունը։ Սակայն, մինչ օրս ՀՀ պատկան մարմինները չեն կարողանում այս անհեթեթությանը հստակ լուծում տալ։ Լավագույն դեպքում նրանք հղում են անում ԱԱԾ-ի կողմից տարածված հայտնի ապատեղեկատվությանը, կամ ուղղակի լռում են։
Ցավով եմ նշում, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ․ Մովսիսյանը որոշում է կայցրել ինձ հետ կնքած աշխատանքային պայմանագիրը համարել լուծված՝ հիմք ընդունելով ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության կողմից 25.09.2019թ.-ի որոշումը, ըստ որի՝ Հայաստանում իմ կացության մշտական կարգավիճակը ճանաչվել է անվավեր։
Այս կապակցությամբ կներկայացնեմ որոշ պարզաբանումներ և անհերքելի փաստեր.
1. 2019թ․-ի նոյեմբերի 18-ին՝ դեպի Հայաստան իմ մուտքը արգելելուց երկու օր անց, ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության պետ Մ․ Բիչախչյանից տեղեկացա, որ իմ անունով մոտ երկու ամիս առաջ՝ 2019թ․-ի սեպտեմբերի 26-ին, ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչության կողմից նամակ է ուղարկվել, սակայն ես հնարավորություն չեմ ունեցել ստանալու այն, որովհետև ՕՎԻՐ-ի աշխատակիցների անփութության թե դիտավորության արդյունքում՝ նամակն ուղարկվել է բոլորովին այլ՝ սխալ հասցեով։ Ասածներիս իրավացիությունը կարող եք ճշտել հենց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մ․ Բիչախչյանից։
2. Ստացվում է՝ այն նամակը, որը ես պետք է ստացած լինեի դեռ 2019թ․-ի սեպտեմբերի 26-ին իմ գրանցման և բնակության հասցեով (որը, ի դեպ, նշված է եղել իմ կացության քարտում), ստանում եմ իմ էլեկտրոնային փոստի հասցեին այն ժամանակ, երբ ես արդեն արտաքսված եմ երկրից և չեմ կարող մուտք գործել Հայաստան։ Ինչպես հասկանում եք, ես հնարավորություն չեմ ունեցել օրենքով սահմանված կարգով (երկու ամսյա ժամկետում) ծանոթանալու տվյալ որոշմանը և բողոքարկելու այն դատարանում։ Նման հանգամանքներում երկրից ինձ արտաքսելը համարում եմ հակաօրինական:
3. ՀՀ Անվտանգության ծառայությունը ինձ մեղադրում է մի հարցում, ինչի հետ ես որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Դրա վառ ապացույցն այն է, որ ԱԱԾ-ի կամ ոստիկանության կողմից որևէ քննչական գործողություն ոչ այս ընթացքում, ոչ էլ նախկինում ինձ հետ չի՛ իրականացվել։ Ասածներիս իրավացիությունը կարող եք ճշտել ՀՀ Անվտանգության ծառայությունից և Ոստիկանությունից։
4. Անկեղծ ասած, ինձ համար շատ զարմանալի է, թե ինչպե՞ս է ստացվում, որ 25.09.2019թ.-ի որոշմամբ, մարդ, ով Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավոր սպառնալիքներ էր ներկայացնում, շարունակում էր ազատ ապրել Հայաստանում և աշխատել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: Սա շատ լուրջ հարց է, և իմ մասին կեղծ տեղեկության հեղինակները թո՛ղ հստակ պատասխան տան։
Ինչպես հիշում եք՝ անգամ անձնական նամակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Սակայն, նա այդպես էլ չի արձագանքել։ Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության հպարտ վարչապետին երկու հարց եմ ուզում տալ՝ պ-ն Փաշինյան, ինչու՞ չեք արձագանքում այս խայտարակ անհեթեթությանը, միթե՞ գոհ եք ստեղծված իրավիճակից։
Այնուամենայնիվ, հայրենասիրությունից ելնելով՝ ես պաշտոնապես հայտնում եմ, որ միջազգային ասպարեզում կշարունակեմ աջակցել «Օրբելի» կենտրոնին, որտեղ պատիվ եմ ունեցել աշխատել մոտ մեկ տարի՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության գիտավերլուծական մտքի զարգացմանը։
Անդրանիկ Հովհաննիսյան
Հարգելի հայրենակիցներ,դեպի Հայաստան իմ մուտքի ակնհայտ հակաօրինական արգելքի պառճառով, արդեն երկու ամիս է, ինչ ես չեմ…
Gepostet von Andranik Hovhannisyan am Mittwoch, 22. Januar 2020