Բաժիններ՝

Ուզենք-չուզենք՝ մսի գինը բարձրանալու է. Արմեն Պողոսյան

«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է հետաձգել սպանդանոցներում մորթ իրականացնելու որոշումը, մինչև ստեղծվեն համապատասխան պայմաններ:

«Պետք է սպանդանոցների քանակն ավելացնել, վճարումներն էլ մատչելի դարձնել, ապահովել տրանսպորտով: Խոզերի սպանդ սպանդանոցներն իրականացնելու են առավելագույնը՝ 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000 ՀՀ դրամով: Իսկ ողջ կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով: Այսինքն՝ շահութաբերությունը դարձավ զրո, էլ ո՞ւր մնաց գյուղացու չարչարանքը: Եվ մեկ զավեշտալի բան՝ թույլատրվում է ծիսական մորթը բակում իրականացնել: Ուրեմն, այն մարդիկ, որոնք մասնակցելու են այդ ծիսական հացկերույթին, երեխա են կնքել կամ թաղման արարողություն է, եթե վարակվեն, առողջական խնդիրներ ունենան՝ դա ոչինչ, իսկ եթե միսը գնում է քաղաք, պետք է արտակարգ ուսումնասիրություն անցնի: Բա իմաստն ո՞ւր մնաց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Պողոսյանը:

«Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահի խոսքով՝ սա հանգեցնելու է մսի գնի բարձրացմանը:

«Լրացուցիչ ծախսերը բերում են ինքնարժեքի բարձրացմանը: Վայքից միսը Երևան տեղափոխելը հե՞շտ է. ուզի-չուզի՝ կանդրադառնա գնի վրա: Մթերողը, հնարավոր է՝ գին թելադրի, քանի որ մեզ մոտ մթերումը կազմակերպված չէ: Մթերում՝ նշանակում է, որ գալիս են քո բակ, պայմաններ առաջարկում, բայց մրցակցային պետք է լինի: Եթե մեկին մերժի՝ մյուսը պետք է գա՝ այլ պայման առաջարկելով: Մրցակցություն եթե չկա՝ գյուղացին, արտադրողը թելադրանքի տակ է»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Անդրադառնալով վաճառքի կետերին՝ «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահն ասաց, որ շուկայում, խանութներում կա անասնաբույժ, որը դնում է իր կնիքը, ստորագրում:

«Մտաք խանութ՝ երևացող տեղում պետք է լինի կնքված թուղթը, ու մեր սպառողն այդ մասին պետք է իմանա, ծանոթանա, ապա նոր գնի: Այդ թուղթը մեկ օրվա ուժ ունի: Եթե հաջորդ օրն է վաճառվում, նորից պետք է ստուգվի»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս