«Ինչո՞ւ է սրտի ստենտավորման համար Վրաստանում պահանջվում 800.000 դրամ, Հայաստանում՝ 1.6 միլիոն դրամ». Արմեն Եղիազարյանը՝ Արսեն Թորոսյանին
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստենտավորման գնագոյացման ու դրա հիմնավորման հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
«Շատ է խոսվել, որ առողջապահության ոլորտում ունենք առաջընթաց, գների նվազեցում, սակայն այս պահին մենք 2 անգամ թանկ ենք իրականացնում վիրահատությունը, քան հարևան Վրաստանում: Օրինակ, 3 ստենտավորման վիրահատության համար ՀՀ-ում պահանջվում է 1 մլն 600 հազար դրամ, ինչը Թբիլիսիում իրականացվում է ընդամենը 800 հազար դրամով»,- հարցն առողջապահության նախարարին ուղղելով՝ ասաց Եղիազարյանը:
Իհարկե, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնագոյացման ամբողջ բացվածքը ըստ տողերի ներկայացնել չկարողացավ, սակայն ներկայացրեց տրամաբանությունը, թե ինչպես է ցանկացած բժշկական ծառայության գին գոյանում:
Ասում է՝ պարզ հաշվարկ է: Հաշվվում են բժշկի, բուժքրոջ, անեսթեզիոլոգի և ներգրավված անձնակազմի աշխատավարձերը, օգտագործվող նյութերի արժեքը, կատետրները և, ի վերջո, ստենտը, դրան գումարում են սարքավորումների ամորտիզացիան և բուժհաստատության ողջամիտ շահույթը: Ու ստացվում է կլորիկ գումար:
Նախարարը վստահեցնում է՝ կան մրցակցային կանոններ, ու չկան մենաշնորհներ, այդ ծառայությունը մատուցվում է 13 բուժհաստատությունում, ու եթե այդ գինն է, ուրեմն ավելի ցածր գին սահմանել հնարավոր չի եղել:
«Ուզում եմ ասել, որ այն ինֆորմացիան, որ մեր հազարավոր քաղաքացիներ սրտի ստենտավորում են անցնում Վրաստանում, դաշտում եղած այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Տարեկան ունենում ենք Վրաստանում ստենտավորված ընդամենը 100-200 պացիենտ՝ Հայաստանում կատարվող 5000-ից ավելի ստենտավորումների դեպքում»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարն անգամ պարզաբանեց, թե ինչու է Վրաստանում ստենտավորումն էժան: Այնտեղ ստենտները հնդկական ու չինական արատադրության են (Հայաստանում այդպիսիք չկան), բացի դրանից, Հայաստանում այդ գների մեջ ներառված է հետստենտավորման խնամքը:
Պատգամավորն էլ իր հերթին՝ վստահեցրեց, թե իր բարձրացրած հարցն ամբողջությամբ հիմնավորված է, ու ծառայության որակը շահարկել պետք չէ: Հենց Արմեն Եղիազարյանի հարազատն է Ամանորին Վանաձորից տեղափոխվել Երևան, այնտեղից էլ, գնի բարձր լինելու պատճառով, տեղափոխել են Վրաստան ու, ինչպես պատգամավորն է վստահեցնում, շատ բարձր մակարդակով վիրահատություն է իրականացվել:
«Միգուցե գի՞նն է արհեստական»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Թորոսյանն էլ հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն՝ հակադարձեց՝ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչները խոսում են տարբեր բաների մասին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում