«Եվրոպայում Ադրբեջանի իշխանություններից դժգոհ բավականին մեծ համայնք կա». փորձագետ
Հունվարի 14-ին Turan.az-ը տեղեկություն էր տարածել, որ Եվրոպայում գործող «Ընտրիր դեմոկրատական Ադրբեջան» կազմակերպության անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Բեռլինում Վրաստանի, ՌԴ-ի և Ուկրաինայի դեսպանատների առջև՝ պահանջով՝ հանել այդ երկրներում Հեյդար Ալիևի արձանները:
Բողոքի մասնակիցները՝ ԱՀ-ում ձերբակալված ակտիվիստների նկարները ձեռքներին պահած՝ հնչեցրել են քաղբանտարկյալներին ազատ արձակելու և բռնատիրության դեմ կոչեր: Այս մասին հրապարակումից ժամեր անց Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համապատասխան նյութը ոչ ամբողջությամբ, բայց հեռացվել է կայքէջից և, առհասարակ, համացանցից:
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Եվրոպայի տարածքից գործող Մեյդան ԹՎ-ի կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում ադրբեջաներենով տեղեկություններ եղել են ցույցի վերաբերյալ:
«Մասնակիցները, մասնավորապես, բողոքել են Ադրբեջանում հաստատված բռնապետական ռեժիմի դեմ, ինչպես նաև անհանգստություն հայտնել՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի հետ կապված: Անդրադարձ է եղել Ուկրաինայից Ադրբեջան արտաքսված Էլվին Իսաևի, ինչպես նաև Աֆղան Մուխթարլիի խնդրին՝ իրենց դժգոհությունը հայտնելով ԵՄ-ին անդամակցել ցանկացող Ուկրաինայի և Վրաստանի գործողություններից: Արտերկրում, մասնավորապես՝ Եվրոպայում, այսօր հավաքվել է Ադրբեջանի իշխանություներից, այդ երկրում իրենց իրավունքների խախտումներից դժգոհ բավականին մեծ համայնք, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է իր դժգոհությունը տեղ հասցնել Ադրբեջանում գործող բռնապետական ռեժիմի դեմ: Քանի որ Ադրբեջանի ներսում ընդդիմադիրների ազատ խոսքի իրավունքը խստորեն սահմանափակված է՝ արտահայտվելու միակ տեղը մնում են եվրոպական երկրները, ինչն էլ մենք տեսնում ենք»,- նշեց Հովհաննիսյանը: