«Երևանի քաղաքապետը հանձնաժողով ստեղծել-չստեղծելուն որևէ կերպ չի միջնորդել». Ռուբեն Ռուբինյան
«Մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ ԱԺ հանձնաժողով չենք կարող ստեղծել, քանի որ դա խնդիր է ստեղծելու, որովհետև այդպիսով մտնելու ենք Երևանի ավագանու գործառույթների մեջ: Բերում ենք բովանդակային փաստարկներ, ինչին ի պատասխան՝ պարոն Մարուքյանն ասում է, թե մենք ուզում ենք կոծկել կոռուպցիան: Մենք պատասխանում ենք, որ չենք ցանկանում կոծկել կոռուպցիան, այլ կողմ ենք, որ հարցը քննարկվի Երևանի ավագանիում: Մի տեսակ աբսուրդ չէ՞, երբ պատգամավորը մեկ այլ պատգամավորի խոսելու ժամանակ մոտենում է նրան և սկսում ընդհատել, հիմա հարց՝ այստեղ ո՞վ է ում ճնշում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իշխանությունը փորձում է սահմանափակել խորհրդարանական ընդդիմության խոսքի իրավունքը և սանկցիաներ կիրառել այն պատգամավորների նկատմամբ, որոնք չեն կիսում իրենց կարծիքը:
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նման պատգամավորների պահվածքով խաթարվում է խորհրդարանի բնականոն աշխատանքը, և բովանդակությունից զրկվում են իրենց քննարկումները:
Նա կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին, մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանին, որ իր հետ սուրճ խմել պետք չէ, այլ ընդամենը պետք է դրսևորել կոռեկտություն և լինել բովանդակային դաշտում:
Նա վստահեցրեց. «Երևանի քաղաքապետը հանձնաժողով ստեղծել-չստեղծելուն որևէ կերպ չի միջնորդել, ինչպես դրա մասին կարծիք էր հայտնել Էդմոն Մարուքյանը, նախագծին չքվեարկելու որոշումը «Իմ քայլի» դիրքորոշումն է»: