«Քաղաքապետը գուցե ասել է, որ պրոբլեմներ ունի, և եթե հանձնաժողովը ստեղծեն, խնդիրներ է ունենալու». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե «ԼՀԿ-ն ընդդիմություն է խաղում», ասաց, որ այդ ամենն ուղղակի աբսուրդ է:

«Երբ իշխանությունն ընդդիմություն էր, օրվա գործող իշխանությունները մեզ մեղադրում էին ընդդիմություն խաղալու մեջ: Եթե իրենք շարունակում են նախորդ իշխանության տրադիցիաները, ապա ես ցավակցում եմ նրանց: Այս առումով մենք մտածելու բան չունենք: Ունենք մեր գաղափարները, ողնաշարը և դրանից բխող գործողություններ ենք անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացի տապալմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա վերաբերյալ իշխանական խմբակցության բոլոր հիմնավորումները «տաֆտալոգիա» են և ունեն զրո մակարդակ, ավելին՝ իրավական սնանկ մտքի արգասիք են:

Նրա կարծիքով՝ հանձնաժողով  չստեղծվեց այն պատճառով, որ  գուցե Հայկ Մարությանը խնդրել է, որ չստեղծեն:

«Գուցե ասել է, որ պրոբլեմներ ունի, և եթե հանձնաժողովը ստեղծեն, խնդիրներ է ունենալու, ուստի պետք է աջակցեն, լալահառաչ դեմքով էլ ասել է… Դե, իշխանությունն էլ ասել է, որ նա պրոբլեմ չունի, կտապալեն գործընթացը»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ այս խորհրդարանում իշխանությունները փորձում են սահմանափակել ընդդիմության ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ երկար տարիներ պատգամավոր է և չի հիշում մեկ դեպք, երբ ընդդիմության այս կամ այն անդամի նկատմամբ սանկցիա կիրառվի:

 

Տեսանյութեր

Լրահոս