«Տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք, ձեզ նորմալ պահեք». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ խորհրդարանում այլընտրանքային կարծիքն ու խոսքը չեն հանդուրժում: Ըստ նրա, երբ ԼՀԿ-ն ԱԺ-ում երեկ դեմ արտահայտվեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի նախագծին, իշխանական խմբակցության անդամներն իրենց մեղադրեցին պետական շահին դեմ գնալու մեջ:
«Այս շենքում կան մարդիկ, որոնք կարծում են, թե պետական շահը միայն իրենք գիտեն, կարծում են, որ միայն իրենք կարող են լավ սպասարկել այդ շահը: Այդ գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի բերելու: Հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում են, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ այսօր իր վստահությունն այդ մարդկանց կողմից մսխվում է:
Երբ նրանք այդ վստահությունը մսխում են, իրենց գլուխը կորցնում են, էյֆորիայից մարդիկ իրենց կորցնում են, էլի: Դե, իշխանությունն այնպիսի բան է, որը կարող է մարդուն փչացնել, եթե նա կայացած չէ, եթե գաղթակղություններին չտրվելու կամք չունի: Ըստ էության, այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է և տրվում է իշխանություն ունենալու գայթակղությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանական խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների համար քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացի տապալմանը:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոր-նոր է իմացել, որ ԱԺ կանոնակարգ օրենքով իրավունք ունի սանկցիաներ կիրառել, և սկսել է սանկցիաներ կիրառել, սակայն միակողմանի՝ միայն իրենց քննադատող, իրենց կարծիքը չկիսող մարդկանց նկատմամբ:
«Բայց երբ կան պատգամավորներ, որոնք էյֆորիայից լկտիանում են և մեզ համեմատում են ձիու հետ, կամ ասում՝ «աղբը քչփորողներ», և լկտի ձևակերպումներ են անում իրենց գործընկերների նկատմամբ, նույն սանկցիաները նրանց նկատմամբ չի կիրառում: 7 տարի է՝ ես պատգամավոր եմ՝ էլ սեղաններին խփել ենք, էլ գոռացել ենք, էլ միջամտել ենք, թույլ չենք տվել, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկի, բայց որևէ մեկը մեր նկատմամբ սանկցիաներ չի կիրառել: Ուզում եմ սթափության կոչ անել՝ տղաներ և սիրելի աղջիկներ, գլուխներդ մի կորցրեք, էսօր կաք, վաղը չկաք, ձեզ նորմալ պահեք, այն վստահությունն էլ, որն ունեք՝ բացարձակ չի, և չի նշանակում, որ կարող եք դրանից ձեր չափը կորցնել»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովի հետ կապված դեռևս անհասկանալի իրավիճակ է, քանի որ հանձնաժողովը կա, բայց չկա կազմը, հետևաբար՝ չի կարող աշխատել, և գործընթացը տապալել է իշխանությունը:
Նա նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի հետ կապված դեռևս հայտարարություն կընդունեն.
«Բնականաբար, այս ամենի ամբողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այս ամենի հետևանքները կզգա նաև ինքը»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը: