«Երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք». Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր հայտարարեց, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվում էր քաղաքապետարանին նախորդ տարի նվիրաբերած բազմաթիվ նվիրատվությունների հետ կապված կասկածելի կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի համար դեռևս դեկտեմբերին ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից մի շարք պատգամավորներ դիմել էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, ինչ այսօր արեց իշխող խմբակցությունը, պարզապես անընդունելի է:

«Հեղափոխությունից հետո սա երևի առաջին մեծ հետընթացն է Հայաստանի խորհրդարանական կյանքում՝ ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից և ընդդիմության իրավունքների սահմանափակումների առումով: Կարծում եմ՝ սա շատ վատ ավանդույթի սկիզբ է, և այն կարող է լինել շարունակական: Երկու օր առաջ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում ընդդիմությունն ազատ է: Բայց հետո, երբ ընդդիմությունը ստորագրություններ է հավաքում, որ ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, հանկարծ մերժվում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով, սակայն Մարուքյանն ապշել է, քանի որ երկրի երկրորդ պաշտոնյան իր խոսքի արժեքի հանդեպ նման վերաբերմունք է ցուցաբերում:

«Մենք սպասում էինք, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվի, այսինքն՝ քննիչ հանձնաժողովը կա, հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի, որտեղ իշխանական մեծամասնությունից պետք է լինեին 7 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ից ու ԼՀԿ-ից՝ 2-ական պատգամավորներ: Բայց հանկարծ իշխանական պատգամավորները ելույթ են ունենում, թե այդ ամենն անօրինական է, իրավունքների սահմանազատում է, և այլն: Այս ամենը խոսում է այն մասին, որ նրանք առաջին հերթին պատրաստվել էին խեղաթյուրել գործընթացը: Այնուհետև ԱԺ նախագահը ելույթ է ունենում ու հայտարարում, որ «Իմ քայլը» որոշել է դեմ քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, սա անլրջություն է: Գիտենք, որ երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ բաներ են խոսում, իրենց խոսքին հետևեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ՝ ԱԺ մեծամասնությունն իր քայլով տապալել է հանձնաժողովի ստեղծման գործընթացը, քանի որ իշխանությունը վախենում է՝ կան կասկածներ, որոնք փարատելու փոխարեն՝ իշխանությունը դրանք արմատավորում է:

Տեսանյութեր

Լրահոս