Բաժիններ՝

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետռեգիստրի տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագիծը: Հունվարի 21-ին տեղի ունեցած ԱԺ նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- նշել էր Գալյանը:

Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս