«Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը
Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է:
Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով.
Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում
Տարբերակ 2. Գնորդ գտնվում է:
Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, կարծիք էինք հայտնել, որ ամենայն հավանականությամբ գնորդ չի գտնվի եւ աճուրդն այդպես էլ չի կայանա:
Իհարկե, չէինք բացառել, որ հնարավոր է նաեւ, որ գնորդ հայտնվի, սակայն այս տարբերակը համարել էինք շատ քիչ հավանական:
Հիմա իրավիճակը զարգանում է այնպես, որ առաջին տարբերակն իրականություն է դառնում:
Միայն եթե վերցնենք տնտեսական բաղադրիչը, ապա այս առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման գործարքներ իրականացնել։ Բայց կա ավելի կոշտ գործոն՝ մարդկայինը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը «նվիրաբերված» գործող բիզնես:
Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:
Երբ Սուքիասյանների ընտանիքը չի թաքցնում, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, ապա ավելի ու ավելի հավանական է դառնում մեր մատնանշած առաջին տարբերակը: Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։
Իսկ այսօրվա իրականությունն այն է, որ աճուրդի համար գնորդ չի գտնվում:
Արդեն մեկ տարի է «Գոլդեն փելեսը» չի գործում, կամաց-կամաց վերածվում է ավերակի, դառնալով հեղափոխականների «տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը:
Իշխանությունները պատրաստվում են աճուրդի երկրորդ փուլը հայտարարել, բայց արդեն հինգ տոկոսով նվազեցնելով մեկնարկային գինը, այն հասցնելով 7,2 մլրդի, ինչը սակայն իրականությունը չի փոխի:
Ավելին, մամուլում արդեն տեղեկություններ կան, որ անգամ եղել է օտարերկրացի գործարար, որը մտադիր է եղել գնել հյուրանոցը, բայց տեղեկանալով «Բջնի» գործարանի շուրջ վերջերս առաջացած աղմուկի մասին վերջնականապես մտափոխվել է։
Սա է դառը իրականությունը: Փաստորեն էժանագին շուուի պատճառով բարձրակարգ հյուրանոցը վերածվում է ավերակների, կորցնում ապրանքային արժեքը եւ նշանակությունը: Բացի այդ, շարքային ՀՀ քաղաքացիներ այս ամենի հետեւանքով կորցրին իրենց աշխատանքը, իրենց տան եկամուտը: Ոմանք լքել են երկիրը, ոմանք օրվա հացի փնտրտուքների մեջ են:
Հեղափոխական եւ պոպուլիստական գործելաոճը փլուզեց «Գոլդեն փելեսը»՝ Ծաղկաձորի ամենալավ աշխատող հյուրանոցներից մեկը, որը, ի դեպ, հսկայական հարկեր էր վճարում պետությանը:
Պոպուլիզմը փլուզում է տնտեսությունը, պոպուլիզմը ոչ միայն թույլ չի տալիս, որ առաջ շարժվենք, այլ քանդում է եղածը:
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»