Չինական Ուհանում նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան են ստեղծել. «Սինհուա»
Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում է հիվանդության տարածումը: Ինչպես հունվարի 21-ին այդ քաղաքից հայտնել է «Սինհուա» գործակալությունը, կենտրոնակայանը գլխավորել է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը։
Նոր մարմնի ենթակայության տակ գործում է ութ խումբ, որոնք զբաղվում են հիվանդության նոր դեպքերին շտապ արձագանքմամբ, հիվանդների բուժմամբ, ընդհանուր համաճարակային վերահսկողությամբ, ախտահարվածների ժամանակին տարահանման եւ մեկուսացման հարցերով:
Հատուկ ուշադրություն է նվիրվում բժշկական անձնակազմի պաշտպանության միջոցներին՝ հաշվի առնելով այն փաստը, որ մինչ օրս արդեն հիվանդացել է տասնհինգ բուժաշխատող, եւս մեկը կասկածի տակ է: Ուհանում ստեղծվել է ինը հատուկ հոսպիտալ, քաղաքի 61 կլինիկաներ լիազորված են կատարելու հիվանդության կասկածանքով պացինետների ընդունելություն:
Փակ են քաղաքի շուկաները, որոնք, հնարավոր է, առնչություն են ունեցել վտանգավոր վիրուսի տարածման հետ: Քաղաքում եւ դրա շրջակայքում ուժեղացված է վերահսկողությունը կենդանիների եւ թռչունների նկատմամբ: Օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում եւ գետային տրանսպորտում տեղակայված են ապարատներ բարձր ջերմությամբ ուղեւորներին հայտնաբերելու համար:
Հունվարի 20-ին ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն հավաստել է նոր տիպի թոքաբորբի փոխանցման հնարավորությունը մարդուց մարդու: Առայժմ, չինացի փորձագետների տվյալներով՝ վարակման դեպքերի ավելի քան 95 տոկոսն առնչություն ունի Ուհան քաղաքի հետ: Ներկայում երկրում արձանագրված է նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու 224 դեպք՝ Ուհան քաղաքում, ինչպես նաեւ Պեկինում, Շանհայում եւ ՉԺՀ-ի հարավի Գուանդունի նահանգում: Մահացել չորս հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ՖՖ