«Կոնկրետ այս դատավորը, եթե չեմ սխալվում, մեզ հետ կապված գործերով կայացրել է այն որոշումը, ինչն իրենից ակնկալել է դատախազությունը». Լևոն Քոչարյան
Մեկնարկել է Վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է «5-րդ ալիք» հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։ Մինչ այդ դատարանի բակում ակցիա էին իրականացնում վերջինիս աջակիցները, որոնց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Այն, ինչ կատարվում է, այսինքն՝ բոլորս ենք հասկանում՝ ինչ է կատարվում: Արմեն Թավադյանը մեր ընկերն է, մեր հարազատն է, և, բնականաբար, ես չէի կարող չգալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
Հարցին, թե Արմեն Թավադյանի շուրջ կատարվող իրադարձությունները ՀՀ երկրորդ նախագահի ու «5-րդ ալիքի» սեփականատիրոջ ընկերական հարաբերությունների արդյո՞ւնք է, թե՞ ավելի շատ ուղղված է խոսքի ազատությունը ճնշելուն, Լևոն Քոչարյանը պատասխանեց՝ երևի թե՝ երկուսը միասին, բայց ավելի շատ երևի թե մամուլի հետ է կապված, որովհետև իշխանության տարբեր արձագանքներից հասկանալի է դառնում, որ թիրախավորվում են կոնկրետ լրատվամիջոցներ:
«Երևի թե սրանով փորձ է կատարվում ճնշել մամուլը, ինչ-որ կերպ կաշկանդել»,- ասաց Երկրորդ նախագահի որդին:
Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք միտում այն բանում, որ այս գործով անցնող մեկ այլ անձ ազատության մեջ է, իսկ Արմեն Թավադյանը՝ կալանավորված, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ, եթե տեսանյութում երևացող կոնկրետ անձն ազատության մեջ է, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Արմեն Թավադյանը կալանավորված: Նա նաև հավելեց, որ ինքը կոնկրետ միտում է տեսնում այստեղ:
«Եթե չեմ սխալվում, տեսանյութը սեպտեմբեր ամսվա էր, և փաստորեն այնտեղ տեսնում ենք, որ զենք կա դրված… Այսինքն՝ եթե զենք են տեսնում, քանի ամիս սպասելու ու նոր գործողություններ ձեռնարկելու իմաստը ո՞րն է: Վտանգ է, չէ՞, ներկայացնում իրենից: Եվ շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը ես չունեմ: Ուղղակի կարող ենք ենթադրություններ անել, թե ինչո՞ւմ է ի սկզբանե այդ ամենի իմաստը»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ողբերգական դեպքին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ ինքը Գեորգի Կուտոյանի մասին իմացել է այն ժամանակ, երբ վերջինս ԱԱԾ տնօրեն է նշանակվել:
«Մինչ այդ չեմ իմացել նրա մասին: Նախ և առաջ՝ ցավակցում եմ նրա ընտանիքին: Շատ ցավալի դեպք է եղել: Ուրիշ ենթադրություն, ավելին, քան այն, ինչ գրվում ու ասվում է, չունեմ: Ես չեմ ճանաչել նրան»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Երկրորդ նախագահի որդին, խոսելով այն մասին, թե ինչ ակնկալիք ունի այս դատարանից, ասաց, որ «ներսում նստած դատավորը գիտի՝ իրենից ինչ են պահանջում»:
«Կոնկրետ այս դատավորը, եթե չեմ սխալվում, մեզ հետ կապված գործերով կայացրել է այն որոշումը, ինչն իրենից ակնկալել է դատախազությունը: Այսինքն՝ կոնկրետ այս դատավորից ես ակնկալիք չունեմ: Իհարկե, կան պարկեշտ, խիզախ դատավորներ: Իրենցից ինչ-որ ակնկալիք լինում է, որ հնարավոր է՝ օբյեկտիվ լինեն ու իրականացնեն արդարադատություն, բայց կոնկրետ այս դատավորի մասով քիչ է ակնկալիքը»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Անդրադառնալով ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Դիանա Հարությունյանի էջով տարածված ապատեղեկատվությանն ու դրա հետևանքով ձերբակալված, ապա կալանավորված անձին ու նրա այն հայտարարությանը, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի աջակից է, ու հնարավոր համարո՞ւմ է, որ այս գործով էլի կլինեն ձերբակալություններ, Լևոն Քոչարյանն ասաց, որ տարածված տեսանյութը զավեշտալի բեմականացում էր սոսկ, որի նպատակը պարզ էր, այդ թվում՝ նաև վարչապետի գրառումից, երբ գրեց, թե ակնհայտ են քաղաքական կապերը:
«Ես հիմա պահանջում եմ, որ բացահայտվի՝ ո՞վ է այդ մարդը, ի՞նչ կապ ունի մեզ հետ: Ի՞նչ է, հիմա ով ինչ հիմարություն ասի կամ անի, կարող է գնալ ու ասել՝ ես աջակի՞ց եմ»,- տարակուսեց Լևոն Քոչարյանը:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակման մասին՝ Լևոն Քոչարյանն ասաց, որ այդ հարցերը պետք է կարգավորվեն դատական նիստերի ժամանակ միջնորդությունների միջոցով: