Վիճակագրությո՞ւն եք ուզում գողանալ. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ի պատգամավորներին
Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թ. առաջին նստաշրջանը։ Նիստի մեկնարկին քառօրյայի օրակարգ չընդգրկվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, ինչն էլ առաջացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զայրույթը։
Վերջինս նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է իշխող մեծամասնությունը մերժում իրենց ներկայացրած նախագծերը։
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ Մարուքյանն ասաց.
«Պարո՛ն Գրիգորյան, ես Ձեզ ուզում եմ ասել, որ Ձեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև այն էներգետիկան, այն էնտուզիազմը, էքսպրեսիան, որ դնում եք մեր նախագծերը մերժելու կոչեր անելիս, ապշեցնում է։ Ասում եք, որ այո՛ մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք։ Հիմա՝ ի՞նչ, մենք ուրախանա՞նք, ցնցվե՞նք նրանից, որ մենք նախագիծը քննարկել եք։ ՍԴ-ն ընդունել է որոշում, ասում է՝ այս օրենքը փոխենք, մենք բերել ենք նախագիծ, ասում ենք՝ բերենք, այդ օրենքը փոխենք, կառավարությունից եկել ասում են՝ ճիշտ է, բայց մենք ենք ուզում անել։ Էս ի՞նչ է նշանակում՝ մենք ենք ուզում անել, ի՞նչ է՝ վիճակագրությո՞ւն եք ուզում գողանալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ «Իմ քայլը» խմբակցության «արածն անելու բան չէ»։
«Ձեր վիճակն առանց այն էլ լավ չէր անցյալ տարի, իշխանություններին նկատի ունեմ, դուք հիմա վատթարացնում ենք Ձեր վիճակը նման բաներով»,- ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։