Իտալիայում նշում են Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը
Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված է ամբողջ 2020 թվականի համար։
«100 տարի առաջ՝ 1920 թվականի հունվարի 20-ին, ծնվեց կինեմատոգրաֆի հսկան, որի տաղանդը անհավատալիորեն ազդեց եւ վիթխարի հետք թողեց այդ արվեստում: Մինչ օրս ամբողջ աշխարհում դերասանները, ռեժիսորները, հանդիսականները շարունակում են հիանալ եւ ոգեշնչվել նրա ստեղծագործությամբ»,- ասել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Նա նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում տեղի կունանան Ֆելինիին նվիրված միջոցառումներ, որոնց ծրագրերին կարելի է ծանոթանալ հատուկ ստեղծված կայքում:
Հիշատակի միջոցառումների կենտրոն է դարձել վարպետի հայրենի քաղաքը՝ ափամերձ Ռիմինին, հանրաճանաչ ծովային առողջավայրը: Այնտեղ արդեն բացվել է խոշոր ցուցահանդես՝ նվիրված ռեժիսորի կյանքին ու ստեղծագործության ուղուն: Մի ամբողջ շարք ցուցադրանքներ, հետահայաց կինոդիտումներ եւ կինոփառատոներ տեղի կունենան ոչ միայն Իտալիայի տարբեր քաղաքներում, այլեւ արտասահմանում:
Ֆելինին լավ հայտնի է Ապենինների սահմաններից դուրս, համարվում է աշխարհի ամենաճանաչված կինեմատոգրաֆիստներից մեկը եւ մինչ օրս մնում է վարպետության չափանիշ: Նա արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար», ինչպես նանեւ «Ոսկե արմավենու ճյուղի» եւ մի ամբողջ շարք իտալական եւ եվրոպական մրցանակների: Ամբողջ կյանքում նա ապրել է Ջուլիետա Մազինայի հետ, որին նկարահանել է իր ֆիլմերում:
Ֆելինին մահացել է 1993 թվականին: Ռեժիսորին մեծարանքներով հուղարկավորել է ամբողջ Իտալիան:
Նրա հավատարիմ Ջուլիետան ամուսնուց ավելի ապրեց ընդամենը մի քանի ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: