Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի
Հայաստանի տարածքում ճանապարհային տուգանքների 9 բալանոց համակարգն առայժմ չի կիրառվի Արցախի քաղաքացի հանդիսացողների վրա: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Արցախւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, հաղորդում է Արցախի հանրայինհեռուստատեսությունը:
«Դա չի նշանակում, որ կարգազանցները չեն տուգանվի: Այս պահի դրությամբ Արցախի քաղաքացիների նկատմամբ այդ միավորները չեն կիրառվելու: Կան որոշակի խնդիրներ համակարգչային ծրագրի եւ օրենսդրության հետ կապված, որի շուրջ իրենք աշխատում են եւ շատ հնարավոր է, որ մոտակա օրերից դա կիրառվի նաեւ Արցախի քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:
ՃՈ պետի տեղակալը հիշեցրեց, որ մինչեւ 10 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում միավոր դուրս չի գալիս, սակայն ամեն մի կմ-ի համար սահմանված է հազար դրամ տուգանք. «10-30 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք եւ հանվում է 2 միավոր: 30-50 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 25 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր, իսկ 50-80 կմ/ժամ արագությունը գերազանցելու դեպքում նախատեսվում է 29 հազար դրամ տուգանք եւ հանվում է 3 միավոր: 80կմ/ժամը-ի դեպքում՝ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից»:
Արմեն Հարությունյանը չի բացառել, որ սեպտեմբերից նաեւ Արցախում կներդրվի բալային համակարգը: