Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ ողբերգական մահը ցնցեց հայ հասարակությանը, քաղաքական-հասարակական շրջանակներին:

Երեկվանից ողջ համացանցը տեսավ նաև Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի անզուսպ լացը Գեորգի Կուտոյանի շենքի մուտքի մոտ, տեսավ ու մարդկայնորեն հասկացավ այն մարդու ցավը, ով մոտ ընկերոջ է կորցրել: Բայց տարօրինակորեն, սակայն լիովին բացատրելի կերպով մեր հասարակության մեջ գտնվեցին մարդիկ, ում համար այդ տեսանյութը տարատեսակ շահարկումների, ծաղրի ու սպառնալիքի առիթ ու թեմա դարձավ:

Սարսափելին իրականում այն է, որ նման մարդկանց շարքում տեղ են գտել իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Այսպես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյան անվամբ մեկի գրառման պատկերը, որում վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու:

168.am-ը դիմեց ոստիկանություն՝ ճշտելու համար՝ ո՞վ է այդ աշխատակիցը, ո՞ր ստորաբաժանումում է ծառայում, և առհասարակ ոստիկանությունը պատրաստվո՞ւմ է հանդուրժել իր շարքերում նման աշխատակցի:

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված»,- նշվում է ոստիկանության լրատվական ծառայության պատասխանի մեջ:

Հարցին, թե ե՞րբ կավարտվի ծառայողական քննությունը, պատասխանեցին՝ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս