Էջմիածնի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Դեպքն անցյալ տարեվերջին էր կատարվել` Էջմիածնում: Դեկտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի փողոցի հագուստի խանութից փող և մոտ 70 ջինսե տաբատ են գողացել:
Իրավապահները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել խանութի տարածքը, կազմել արձանագրություններ: Գողության փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանները բացահայտման ուղղությամբ ծավալուն միջոցառումներ ձեռնարկեցին, և քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ շաբաթներ անց գաղտնի հափշտակությունը բացահայտվեց: Բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ գողություն կատարողները երեքն են. նրանցից մեկը` Մասիսի, մյուս երկուսը մայրաքաղաքի բնակիչներ են:
Հունվարի 12-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Հետագա միջոցառումներով իրավապահները պարզել են, որ նրանք, նշվածից զատ, դեկտեմբերի 22-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանի Գյուլբենկյան փողոցի սննդի կետի պատուհանը և խոհանոցից հափշտակել դրամարկղը, որի մեջ փող կար:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: