Կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ․ ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները shamshyan.com-ին հղում կատարելով լուր էին տարածել, որ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզում, ժամը 16։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։
Shamshyan.com–ի փոխանցմամբ, ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որոնք պարզել են, որ «Առինջ մոլ» մտնող՝ Բալահովիտ գյուղ հրդեհի ահազանգով մեկնած հրշեջ խմբին ազդանշան տալու համար կանգնեցրել է Mazda մակնիշի ավտոմեքենան, և վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին էր ներկայացել Երևան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։ Հետագայում պարզվել էր, որ Արթուր Ավագյանն աշխատում է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավոր։