Բարի գալուստ, «Հայլուրի Հայաստան»

Իրեն ժողովրդավարական պետություն հռչակած յուրաքանչյուր երկրի ղեկավար պարտավոր է պետության ներսում ապահովել հանդուրժողականության մթնոլորտ և իր քաղաքացիներին արժանապատիվ ապրելու համար նորմալ տարրական պայմաններ, և ոչ երբեք՝ ընտրողական վերաբերմունք ու ատելության խոսք քարոզել։

Կառավարությունները պարտավոր են արգելել ատելություն սերմանող խոսքը և դրանց հրահրումը: Իսկ եթե ընդհանրապես լինում են որոշ սահմանափակումներ, ապա դրանք պետք է լինեն հիմնավորված, եթե դրանք պաշտպանում են մասնավոր հանրային շահ կամ ուրիշների իրավունքներն ու հեղինակությունը:

Եթե հետևենք վերոնշյալ տրամաբանությանը, ապա խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանվի օրենքներով, որոնք իրենց հերթին՝ պետք է հակիրճ և հստակ լինեն, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ դրանք: Ակնհայտ է նաև, որ սահմանափակումներ պարտադրողները (լինեն նրանք կառավարություններ, գործատուներ թե այլ անձինք) պետք է կարողանան ցույց տալ դրանց անհրաժեշտությունը, և դրանք պետք է համաչափ լինեն: Այս ամենը պետք է ապահովված լինի երաշխիքներով, որպեսզի դադարեցվի այդ սահմանափակումների չարաշահումը և ապահովվի պատշաճ բողոքարկման գործընթաց:

Այսօր տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված կարող ենք փաստել հետևյալը․ Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի ետևում, որքան էլ ցավալի է՝ նշմարվում է իշխանության հետքը։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին ոչ ցանկալի լրատվականները ժամանակ առ ժամանակ հայտվում են գրոհների ներքո, և տարբեր առիթներով փորձեր են արվում արհեստական ինտրիգների ու անհասկանալի շինծու գործերի շրջանակներում կամ ստուգումներ անցկացնել, կամ իշխանության համակիրների հատվածի կողմից ենթարկվում են հարձակումների, իսկ հեռուստաընկերությունների դեպքում սեփականատերերը զրկվեցին ազատությունից։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես 2018-ին ԱԱԾ-ն, դեռևս մինչ օրս չպարզաբանված հանգամանքներում, ներխուժեց Yerevan.Today լրատվական գործակալություն, առգրավեց գործակալության համակարգիչները՝ տևական ժամանակ դրանք պահելով իրենց ենթակայության տակ։

Միանշանակ տրամաբանությունը հասկանալի, է, քանի որ հենց այդ օրերին առաջին անգամ ձերբակալվել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Ն. Փաշինյանի իշխանությունը գործակալության ներսում փորձում էր գտնել Քոչարյանի հետ ասոցիացվող ինչ-ինչ փաստեր։ Մյուս վառ օրինակները կապված էին Aysor.am և News.am լրատվական ծառայությունների հետ, որոնք նույնպես ենթարկվեցին ոստիկանական որոշակի գործողությունների։ «Հայելի» ակումբի նկատմամբ օրը ցերեկով կատարված խուլիգանությունը, որն իշխանության կողմից որևէ գնահատականի չարժանացավ, խոսում է այն մասին, որ կատարվածը տվյալ պահին համահունչ էր իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսին (հիշեցնենք, որ «Հայելի» կայքի խմբագիրը Հրայր Թովմասյանի քույրն է)։

Ըստ էության, այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի ղեկավարն իր խոսքում ընտրողական դիրքորոշում է արտահայտում՝ հեռուստաընկերություններին կոռումպացված որակելով։ Խոսելով հեռուստաընկերությունների դերի և այնտեղ առկա գովազդային շուկայի մասին՝ Ն. Փաշինյանն ասել է․ «Առնվազն երկու հեռուստաալիքի դեպքում կարելի է էդ լոգոյի տեղը գրել՝ «կոռուպցիա», կամ՝ ««Կոռուպցիա գրուպ»  ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը Հայաստանում»։

Ստացվում է, որ երկրի վարչապետը հենց այնպես՝ օդում կրակելով՝ հայտարարում է, որ X և Y հեռուստաընկերություններում առկա է կոռուպցիա, իսկ թե ի՞նչ հիմնավորումներով և չափորոշիչներով է նա այդ ամենի մասին բարձրաձայնում՝ մնում է միայն կռահել։

Ն. Փաշինյանը ժամեր առաջ հերթական անգամ բարձրաձայնեց «օրվա իշխանության թափանցիկ» գործունեություն ծավալելու մասին, ակնհայտ է, ինչը, մեղմ ասած՝ ճիշտ չէ, եթե հաշվի առնենք հետևյալ մի քանի աղմկահարույց դրվագները։ Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիայի մասին, շեշտում, որ այն վերացել է կամ պետք է վերացնել, ինչը, բնականաբար, շատ դրական քայլ է, սակայն հեռուստաընկերություններին պիտակավորելով, թե լոգոյի փոխարեն՝ կարող են գրել «կոռուպցիա»՝ արդյո՞ք հաշվի է առել, որ այս ընթացքում շատերն այդպիսի պիտակավորում տալիս են, ասենք, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին, որը, չգիտես՝ ինչպես և ինչ սկզբունքներով, միլիոնավոր դրամներ է ստանում հայտնի «սեփականատերերից»: Արդյոք նախարարների թաքուն բարձրացված աշխատավարձերն ու անհասկանալի պարգևավճարները կապ չունե՞ն կոռուպցիոն որևէ սխեմայի հետ, թե՞ դրանք ընդամենը պատահական զուգադիպություններ են, որոնք ոչ մի կապ չունեն Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։

Չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները ձեռնամուխ լինեն նոր լիցենզիոն մրցույթների անցկացման և նոր չափորոշիչների ներդրման գործընթացին, որպեսզի իրենց քիմքին հաճելի և «անշառ» լրատվականներ ունենան։ Բնական է, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ցանկանում են եթերից լսել միայն գովասանքի ու շնորհակալության խոսքեր, այլ ոչ թե ճշմարտությունը, որը հաճախ դաժան տեսք ու բովանդակություն է ունենում։

Արմեն Հովասափյան

Հ․Գ․ Ի դեպ, աշխարհում ոչ ազատ մամուլ ունեն երկրների 32 տոկոսը կամ 65 երկիր, մասամբ ազատ է 36 տոկոսը կամ 71 երկիր։ Ազատ մամուլ ունի աշխարհի երկրների 32 տոկոսը կամ 63 երկիր: Խոսքի ազատության ցուցանիշներով առաջատար երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Դանիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը:

 

Տեսանյութեր

Լրահոս