Բաժիններ՝

Հայաստանը փուլ առ փուլ անցնում է համընդհանուր ներառական կրթության

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ նախկինում, երբ առաջին դպրոցները սկսեցին ներառական կրթության անցնել, ոչ ֆորմալ խոսակցություններ կային, որ սա լավ ծրագիր է, որովհետև կահույք, սնունդ  են տալիս, լրացուցիչ հաստիքներ, գումար:

«Գիտենք, որ դպրոցների ֆինանսական վիճակը նախկինում շատ ավելի ծանր էր, և փորձում էին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել, ու սկզբից արդեն խեղաթյուրում տեղի ունեցավ: Բացի այդ՝ խնդիր էր, որ մեր դպրոցների օպերացիոն համակարգը ներառական կրթության հետ չէր համընկնում: Ունեինք մեկ դպրոց, որը սելեկտիվ կրթություն էր իրականացնում, այսինքն՝ ընտրում էր գերազանցիկներին, իսկ հետ մնացողները տարեցտարի դուրս էին մղվում, գնում էին դեպի հետևի նստարաններ: Ներսում արդեն հականերառական միջավայր էր: Կա նաև տնօրենների խնդիրը. ինչ-որ առարկաների մասնագետներ են, բայց չէին պատկերացնում, թե հոգեբանը, սոցիալական մանկավարժն ով է: Այսօր էլ ունենք նման խնդիր: Մասնագետները պարապ նստած են, քանի որ տնօրենը չգիտի՝ ինչպես կառավարել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը

Ներառական կրթության փորձագետ, «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանի խոսքով՝ կա գնահատող մարդկանց կոմպետենցիայի անլիարժեքություն, որովհետև եթե անգամ գործիքը լիարժեք ինֆորմացիա չի տրամադրում, դու կարող ես արհեստականորեն անկանոն շարժում կատարող երեխային տարբերել իրականում դժվարությամբ շարժվող երեխայից:

Շատ վիճելի է, թե ինչպես  են տարանջատվում թեթև, միջին ու ծանր խնդիրներ ունեցող երեխաները:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի դիտարկմամբ՝ խոսում են հարցերի մասին, որոնք ժամանակավրեպ են:

«Ամբողջությամբ փոխվել են թե՛ գնահատման գործիքները, թե՛ գնահատման ձևը: Նախկինում գնահատում էին՝ առաջնահերթություն տալով բժշկական փաստաթղթին: Այսօր արդեն բժշկական փաստաթուղթը չի կարող համարվել երեխայի կրթության կարիքի գնահատման առաջնահերթ փաստաթուղթ: 2014թ. դեկտեմբերի 1-ին փոխվեց ներառական կրթության համակարգը, ֆինանսավորման կարգը: Երեխայի ուսումնական կարիքին համապատասխան  են գնահատում, որով ստանալու են ֆինանսավորում»,- պարզաբանեց Սոֆյա Հովսեփյանը:

Ներառական կրթության փորձագետ, «Ներառող կրթություն» ազգային ասոցիացիայի անդամ Արմինե Ավագյանը հակադարձեց. «Անգամ նոր գործիքներով չենք կարողանում գնահատել երեխայի լեզվի թույլ իմացությունը: Ասենք՝ երեխան փախստականի ընտանիքից է և արևելահայերենին լիարժեք չի տիրապետում, չենք կարողանում գնահատել և երեխային պատշաճ օժանդակություն հատկացնել, որովհետև չունի զարգացման խանգարում: Այսինքն՝ այստեղ անելիք ունենք»:

Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանն էլ հակադարձեց՝ ներառում նշանակում է՝ կրթությունից որևէ պատճառով դուրս մնացած երեխաներին դեպի կրթություն բերել:

«Պետք է փաստենք, որ ունեցել ենք և ունենք երեխաներ, որոնք ֆիզիկապես դպրոցում են, բայց ինչ-ինչ պատճառներով ներգավված չեն կրթական գործընթացում: Դրա պատճառը կարող է լինել սոցիալական, առողջական, լեզվի իմացության, անգամ քաղցած լինելու  խնդիրը: Եղել են դեպքեր, որ գնահատման թիմը փաստել է, որ երեխան չունի զարգացման խնդիր, բայց սոցիալական վիճակի պատճառով երեխայի կրթությունը  տուժել է:  Սա այսօր լուրջ խնդիր է, ու առանց լրացուցիչ աջակցության՝ երեխան չի կարող հաղթահարել կրթական ծրագիրը: Նախկինում ուղղորդել են դեպի բժշկական ծառայություն, որը պիտակ է դրել, քանի որ առանց դրա երեխան չէր կարող ճանաչվել կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող և ստանալ սնունդ, տրանսպորտից օգտվել: Այս խնդիրները շարունակում են մնալ»,- նկատեց Վերգինե Եսայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս