«Միակ քիչ թե շատ վտանգը կարող է հեղուկ վառելիքի և գազի մատակարարումների խափանումը լինել Ռուսաստանից Վրաստանով». Արա Մարջանյան

Հունվարի 9-ին ՀՀ էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում էներգետիկ ոլորտում տեղի ունեցող ցանկացած սցենարի պարագայում Հայաստանը պատրաստ է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:

168.am-ի հետ զրույցում էներգետիկ ոլորտի ՄԱԿ-ի փորձագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արա Մարջանյանը նշեց, որ փոխվարչապետի հայտարարությունը միանգամայն համարժեք է ՀՀ էներգետիկ ոլորտի հետ և համապատասխանում է իրականությանը:

«Հայաստանի անկախ էներգետիկ համակարգի գործունեության հենքն այսօր կազմում են Որոտանի հիդրոէներգետիկ կասկադը և ատոմային էլեկտրակայանը՝ ԱԷԿ-ը։ Որոտանի հիդրոկասկադը գործում է միանգամայն անկախ և կապված չէ տարածաշրջանայանին որևէ վայրիվերումների հետ։ Հայկական ԱԷԿ-ը լիցքավորվում է տարին մեկ անգամ, այնուհետև կարող է մեկ տարի կամ մի փոքր ավելի աշխատել ավտոնոմ ռեժիմում»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա՝ այս ամենից զատ, Հայաստանը տիրապետում է նաև երկրորդ հիդրոակումուլայցիոն՝ Սևան-Հրազդան կասկադին, որը ծայրահեղ դեպքերում կարող է օգտագործել իր ողջ ուժը։

Արա Մարջանյանը հիշեցրեց 1990-ականները, երբ Հայաստանի էներգետիկ ոլորտում ստեղծվել էին անբարենպաստ պայմաններ, Սևանա լիճը և Սևան-Հրազդան կասկադը փրկել են Հայաստանի էներգետիկ համակարգը լիակատար փլուզումից։

«Այս առումով Հայաստանի էներգետիկ համակարգում իսկապես որոշակիորեն երաշխավորված է նրա կայունությունն ու աշխատանքը։ Չնայած, էներգատրանսպորտային մատակարարումների խափանման դեպքում, որոնք գալիս են հյուսիսից՝ Վրաստանից, կարող են էականորեն ծանրացնել Հայաստանի էներգետիկ վիճակը։  Բայց իրանական գազի մատակարարումների խափանումը կամ Թուրքիայում ու Ադրբեջանի տարածքում ընթացող որևէ գործընթաց չի կարող էականորեն խաթարել Հայաստանի էներգետիկ համակարգը։ Միակ քիչ թե շատ վտանգը կարող է հեղուկ վառելիքի և գազի մատակարարումների խափանումը լինել Ռուսաստանից Վրաստանով»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի էներգետիկ համակարգի աշխատանքի վրա, Արա Մարջանյանը պատասխանեց, որ ընթացիկ օպերացիոն տեսանկյունից որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ , իսկ հեռանկարային զարգացման տեսանկյունից կունենա լուրջ բացասական հետևանք, եթե ԱՄՆ-Իրան ցնցումները շարունակվեն։

«Բանն այն է, որ Հայաստանն ու Իրանը կարող են և մտադիր են իրականացնել մի շարք համատեղ ծրագրեր, այդ ծրագրերը բավականին ծավալուն ու երկարաժամկետ են։ Հետևաբար՝ այսպիսի սուր հակասությունների պարագայում, այդ ծրագրերի իրականացումը կամ անհնարին է, կամ շատ քիչ հավանական։ Կարծում եմ՝ Հայաստանը պետք է Իրանին և ԱՄՆ-ին հորդորի՝ շուտափույթ գտնեն լուծման ձևերը»,- ընդգծեց փարձագետը։

Հաջորդ հարցին՝ Հայաստանի էներգետիկ ոլորտը տարածաշրջանում հետաքրքրություն առաջացնո՞ւմ է, փորձագետը պատասխանեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտն առաջին հերթին մեծ հետաքրքրություն է առաջացնում ՀՀ քաղաքացիների համար, այդ տեսանկյունից այն երկրի գերակա ոլորտներից մեկն է, ինչը, ցավոք, չի արտահայտվում այսօրվա գերատեսչական կառուցվածքում։

«Կարծում եմ՝ Էնեգետիկայի և բնական պաշարների նախարարության լուծարումը բավականին լուրջ խոչընդոտներ առաջացրեց էներգետիկ ոլորտի բնականոն զարգացման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա Հայաստանն այդ առումով շատ հետաքրքիր երկիր է, տարածաշրջանային ամենակարճ, էժան և հուսալի տրանզիտային երթուղիներն անցնում են Հայաստանով։ Ուղղակի թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքականության հետևանքով առնվազն երեք տասնամյակ Հայաստանն արտամղվում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումից։ Իրականացվում է անմարդկային շրջափակում, որն էականորեն դանդաղեցնում է Հայաստանի զարգացումը՝ զրկելով առաջանցիկ թռիչքաձև զարգացման հնարավորությունից։ Ուստի, Հայաստանի քաղաքականության մեր բարեկամների միացյալ ջանքերի առաջնային նպատակը պետք է լինի՝ ջարդել Հայաստանին խեղդամահ անող էներգատրանսպորտային շրջափակումը»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս