ՉԺՀ-ն 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի առևտրական գործարքի շրջանակում. South China Morning Post

Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, կետ է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր։

Մասնավորապես, փաստաթղթում խոսվում է 75 մլրդ դոլարի գումարի արդյունաբերական ապրանքների գնման մասին: Նաեւ չինական կողմը պետք է ձեռք բերի 50 մլրդ դոլարի էներգակիրներ, 40 մլրդ դոլար ծախսի օվկիանոսի այն կողմից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա եւ 35-40 մլրդ դոլար՝ ծառայություների սեկտորի վրա: Գործարքի ստորագրումն սպասվում է հունվարի 15-ին Սպիտակ տան Արեւելյան դահլիճում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի մասնակցությամբ՝ շուրջ 200 հյուրերի ներկայությամբ:

Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական գործարքի առաջին փուլը համաձայնեցրել են 2019 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն թույլ կտա նվազեցնել չինական արտադրանքի ամերիկյան մաքսատուրքերը եւ կրճատել ԱՄՆ-ի դեֆիցիտը ՉԺՀ-ի հետ առեւտրում: Գործարքի նախաշեմին ամերիկյան կողմը հունվարի 13-ին հայտարարել է արժութային մանիպուլյատորների ցուցակից Չինաստանը բացառելու որոշման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս