Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը գործարկել են Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմ
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը: Այդ մասին ասված է Եվրոպայի երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ հունվարի 14-ին տարածված հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:
«Մեխանիզմի նպատակն է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: