Կոնսենսուսը կայացավ. Եղվարդի ծննդատունն այժմ չի փակվում. Արսեն Թորոսյանը փոխել է քաղաքականությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եղվարդ համայնքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի աշխատակիցներն ու Եղվարդի հարակից 18 համայնքի բնակիչները բողոքում էին ծննդատան փակման համար: Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցներն էլ պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

Ակցիայի մասնակիցների հետ կայացած հանդիպումից հետո տեղի է ունեցել նաև Ռոմանոս Պետրոսյան-Արսեն Թորոսյան հանդիպումը: Պարզվեց, որ մի քանի օր ծննդատների փակման անհրաժեշտության մասին բարձրաձայնող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փոխել է քաղաքականությունը:

«Քաղաքական որոշումն այն է, որ ծննդատունը մնա և գործի: Մնացած որոշումները ընթացակարգային են»,- ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը, ով չնայած դեմ է ծննդատան փակմանը, բայց կարծում է, որ հիվանդանոցը վերազինման, վերակառուցման, պատշաճ, ապահով բուժսպասարկման կարիք ունի, նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարի հետ ունեցել են արդյունավետ զրույց, բոլոր փաստերը մանրամասն քննարկել են ու հասել են կոնսենսուսի:

«Նախարարի քաղաքականությունը գլոբալ առումով օրինաչափ է, ես կիսում եմ այն: Մենք նույն քաղաքական թիմն ենք ներկայացնում, նույն տեսլականն ենք ներկայացնում: Բայց կան դետալներ, կան տարածաշրջանային լոկալ խնդիրներ, որոնց որ նախարարը պարտավոր չի տիրապետել այն խորությամբ, ինչ խորությամբ որ կարող է տիրապետել մարզպետը: Եվ ահա այդտեղ է, որ մեր կոնսենսուսը կայացավ»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում Պետրոսյանն անդրադարձավ նաև այն համայնքներին, որտեղ առողջապահության նախարարը բացառություններ է արել, ու այդ համայնքների ծննդատները շարունակում են աշխատել: Դրանց թվին են դասվում Տավուշում, Բերդի տարածաշրջանում, Ճամբարակում գտնվող ծննդատները:

Ըստ Պետրոսյանի՝ Եղվարդն էլ այդ ցուցակում հայտնվել է ծնունդների թվի դրական դինամիկայի արդյունքում. 2018 թվականի 119 երեխայի փոխարեն՝ 2019 թվականին ծննդատանը ծնվել է 136 երեխա:

Հենց լրագրողների հետ զրույցում պարզ դարձավ, որ Կոտայքի մարզպետարանը Եղվարդի ծննդատունը փակելու վերաբերյալ պաշտոնական գրավոր ծանուցում Կառավարությունից չի ստացել:

Իսկ եթե որոշում չկա, ապա ինչո՞ւ են մարդիկ բողոքում ծննդատան փակման դեմ:

«Այս գործընթացը հարուցվել է նախարարի ու նախարարության մեր գործընկերների բանավոր խոսքի արդյունքում»,- հարցին ի պատասխան՝ ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ մարդկանց խորհուրդ տալով հարցը չքաղաքականացնել, չշահարկել:

«Ծննդատունն այժմ աշխատում է ամբողջ հզորությամբ, ու սպասում ենք մեր ծննդկաններին: Իսկ վաղն ի՞նչ կլինի, բոլոր դեպքերում պետք է արձանագրենք, որ քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում, մեր քաղաքացու շահը դոմինանտ է, բնականաբար, պետք է պետական շահի հետ ճիշտ համադրել»,- ասաց Կոտայքի մարզպետը:

Տեսանյութեր

Լրահոս