Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մի քանի րոպե տևեց: Պատճառը գործով անցնող մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր:

Միհրան Պողոսյանն իր բացակայության պատճառների մասին նշել էր դատարան ուղարկած դիմումում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի կողմից գործի քննության ընթացքում չի ապահովվում մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում և փաստաբանների հասցեին սպանված հարազատներ ունենալու սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում, և պաշտպանների՝ իրավական միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը դատավարության մասնակիցները օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, իսկ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկում այդ գործողությունները կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական և ողջամիտ հնարավորությունից, ուստի հայտնում եմ, որ չեմ ներկայանալու սույն դատական նիստին:

Հայցում եմ բոլոր այն անձանց ներողամտությունը, ովքեր սույն գործի քննության ընթացքում ցուցաբերել են պատշաճ վարքագիծ»,- ասված էր Միհրան Պողոսյանի դիմումի մեջ:

Խոսքը վերաբերում է նախորդ՝ հունվարի 9-ին տեղի ունեցած դատական նիստում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի ներկայացրած միջնորդությունից հետո «Մարտի 1»-ի գործով տուժածի իրավահաջորդի ելույթին, որում վերջինս ասել էր. «Փաստաբանների կողմից խոսք գնաց, որ տուժողի իրավահաջորդները կարող են իրենց վատ զգալ, ես ուզում եմ հարցնել փաստաբաններին, իրենք եթե մեր տեղը լինեին, իրենք իրենց լավ կզգայի՞ն: Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն  այլ ելույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրերում»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նախորդ դատական նիստի արձանագրությունն ուսումնասիրել են և որևէ արտահայտություն կամ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հանգամանքին, չի արձանագրվել:

Յուրի Խաչատուրովն ասաց, որ Միհրան Պողոսյանի բացակայության պայմաններում  այսօրվա դատական նիստում այլ պաշտպան ունենալն անհնարին է: Ու քանի որ առանց ամբաստանյալի փաստաբանի դատական նիստ տեղի ունենալ չի կարող, դատավոր Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը (հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս