Ryanair-ի առաջին թռիչքները Հռոմից և Միլանից դեպի «Զվարթնոց» կիրականացվեն ուշացումներով
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Իտալիայում հունվարի 14-ին նախատեսված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվելու են, իսկ գործադուլի ընթացքում իտալական Հռոմ և Միլան քաղաքներից Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացվեն ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: Կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:
Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝
Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին:
Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին:
Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին:
Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին:
Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին»։