«Լոուքոսթերը մնում է լոուքոսթեր. Էժան գնի համար ամեն հնարքի պատրաստ են». ավիացիոն փորձագետ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարեց, թե Ryanair լոուքոսթ ավիաընկերությունն արդեն Հայաստանում է, ու Ryanair-ի ղեկավարության հետ միասին հայտարարեցին, թե 30 եվրոյով հնարավոր կլինի Հայաստանից մեկնել եվրոպական երկրներ:
Այսօր ասուլիսի ժամանակ պարզվեց, որ վաղվանից իր աշխատանքը հայաստանյան շուկայում սկսող Ryanair ավիաընկերության ոչ բոլոր ավիատոմսերի արժեքն է լինելու 30 եվրո, որ այդ գումարով գուցե հնարավոր լինի ավիատոմս ձեռք բերել, բայց դրա մեջ չի մտնի անգամ փոքրիկ ճամպրուկի քաշին համարժեք գումարն ու մնացած անհրաժեշտ ծախսերը: Հենց այսօր էլ շատերի համար պարզ դարձավ, որ լոուքոսթ ավիաընկերությունից օգտվել՝ դեռ չի նշանակում, որ ավիատոմսի ու ծառայությունների ընդհանուր արժեքը լինելու է էժան:
Ավիացիոն խորհրդատու, փորձագետ Նավիկ Խաչատրյանի համար այս բացահայտումները կանխատեսելի էին:
«Ryanair-ի հետ առաջին շփումն ունեցել եմ «Արմավիայի» ժամանակ՝ 10 տարի առաջ: Լոուքոսթերը մնում է լոուքոսթեր. էժան գնի համար ամեն ինչի, տարբեր հնարքների պատրաստ են: Հիմնականում իրենք տոմսի գինն են նշում, բայց հետո ավելացնում են այն բոլոր անհրաժեշտ բաները, որոնք ստանդարտ ավիաընկերությունները ներառում են ավիատոմսի արժեքի մեջ: Լոուքոսթերներն ունեն ուղևորների էժան սեգմենտը, ովքեր պատրաստ են քիչ փող ծախսելով՝ որոշ ծառայություններից չօգտվելով՝ թռնել: Դա նորություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նավիկ Խաչատրյանը՝ հավելելով, թե լոուքոսթերների հետ ժամանակին իրենք էլ են բանակցել:
Ավիացիոն փորձագետի խոսքով՝ երկրում լոուքոսթ ավիաընկերություն ունենալը նորմալ երևույթ է, սակայն կա որոշակի հերթականություն, որին, ըստ փորձագետի, ՀՀ քաղավիացիայի ղեկավարը չի հետևում:
Ըստ Նավիկ Խաչատրյանի՝ ավիացիոն փորձն ասում է, որ ցանկացած պետությունում սկզբից պետական աջակցությամբ ստեղծվում է ազգային փոխադրող, ապա, այն մի քանի տարի շահագործվելուց հետո՝ ստեղծվում է տեղական լոուքոսթեր կամ կիսալոուքոսթեր ընկերություն, որը շուկային համապատասխան՝ էժան սեգմենտը վերցնում է իր մոտ:
Տեղական լոուքոսթերը նաև մի հսկայական առավելություն ունի օտարերկրյա լոուքոսթերի նկատմամբ:
«Տեղական լոուքոսթերը վերահսկելի է: Ryanair-ը և Wizz-air-ը վերահսկելի չեն: Ւսկ եթե մեր երկրում ստեղծվեր լոուքոսթեր ընկերություն, դա կլիներ վերահսկելի, և ցանկացած խնդրի դեպքում անմիջապես արձագանք կլիներ ավիացիոն ղեկավարության կողմից: Դրսի ավիաընկերությունների դեպքում այդ վերահսկողությունն անհնար է»,- 168.am-ին ասաց ավիացիոն փորձագետը:
Նավիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք տեղին է շատերի անհանգստությունն առ այն, որ Ryanair ավիաընկերության որոշումը՝ ընդամենը 25 րոպեում ուղևորներին ինքնաթիռից իջեցնելը և հաջորդ խմբին ինքնաթիռ բարձրացնելը, անվտանգության առումով կարող է որոշակի խնդիրների հանգեցնել:
«Շատ տեղին է այդ անհանգստությունը, որովհետև ցանկացած օդանավակայանում, Քաղավիացիայի կոմիտեի համապատասխան՝ թռիչքային պիտանելիության բաժինն անընդհատ գալիս է ստուգումների: Ունենալով իր արտերկրյա ինֆորմացիոն աղբյուրները, ինքն իմանում է կատարվելիք չվերթի մասին, պատրաստվում է, թե ինչը պետք է ստուգել, և ստուգում է: Մեր մոտ դա անհնար է, ցավով եմ դա նշում, որովհետև նախկինում դա հնարավոր էր: 25 րոպեն շատ քիչ է այդ ստուգման համար»,- հարցին ի պատասխան՝ ասաց Նավիկ Խաչատրյանը:
Ավիացիոն փորձագետը համաձայն է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պնդմանը, թե Եվրոպայում առաջատար Ryanair ավիաընկերության տեխնիկական վիճակը բարձր մակարդակի վրա է: «Բայց ավիացիան միայն Ryanair-ից չի կազմված»,- նկատում է փորձագետը:
Հայաստանում լոուքոսթերների հնարավորությունների մասին խոսելիս Խաչատրյանը նախորդ տարվա տվյալները հիշեցրեց: Անցած տարվա տվյալներով՝ Հայաստան ժամանել և Հայաստանից մեկնել է մոտ 2 միլիոն 700 հազար ուղևոր: Դրա 53%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությունից եկած ու այնտեղ մեկնած քաղաքացիներին՝ 1մլն 490 հազար ուղևոր: Ամբողջ թռիչքների 75%-ը բաժին է ընկնում ռուսական փոխադրողներին: 2019թվականին Եվրոպայից 268 հազար մարդ է եկել Հայաստան կամ Հայաստանից գնացել է Եվրոպա: Դա կազմում է 10%:
«Տիկին Ռևազյանը խոսում է այդ 10%-ի մասին, որը, չեմ կարծում, մեծ փոփոխություն է: Անգամ եթե Ryanair-ն իր ասածներն անի և նույն ուղևորահոսքը պահպանի, որի վրա մեծ կասկածներ ունեմ, ապա դա լինելու է 10%-ի մեջ»,- վստահեցնում է Խաչատրյանը:
Ավիացիոն փորձագետը զարմանում է, թե վերջին 2 տարվա ընթացքում ինչո՞ւ իշխանությունները որևէ փորձ չեն արել ՌԴ ավիացիոն ղեկավարության հետ խոսելու և բարձրաձայնելու այն խնդիրները, որի պատճառով հայկական որևէ փոխադրող չի կարող թռչել ՌԴ: Այդ խնդիրներից մեկն այն է, որ, օրինակ, ռուսական օդանավակայանների սակագները ռուսական փոխադրողների համար 2 անգամ մատչելի են, քան հայկականների համար:
«Եթե մենք ուզում ենք ավիացիան զարգացնել, կարևոր է ռուսական ավիաընկերությունների վիճակը: Մենք լինելով անկախ պետություն՝ ինչո՞ւ 2 տարի է՝ նոր ղեկավարությունն այդ հարցերը չի բարձրաձայնում: Արդյո՞ք որևէ մեկը չի հասկանում, որ դա պետք է արվի, պետք է բանակցեն ռուսական կողմի հետ, որ հայկական օդանավերը ստանան սպասարկման նույն սակագները, ինչ ունեն ռուսականները»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե հնարավոր է՝ Ryanair-ի և մյուս լոուքոսթերների հայկական շուկա մուտք գործելով՝ ավելանա Հայաստանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ ուղևորների հոսքը, Խաչատրյանը պատասխանեց. «Պոտենցիալ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ Ռուսաստան գնացողն ու այնտեղ հայրենակից, բարեկամ ունեցողը Ռուսաստան գնալու փոխարեն՝ գնա Եվրոպա: Եվրոպական ստանդարտ փոխադրողները, որոնք ևս բիզնեսից լավ հասկանում են, կփորձեն կամ մրցակցել Ryanair-ի հետ, կամ դուրս գալ: Կարող է հոսքը շատանա, բայց մոտակա 1-2 տարում այդ 10%-ը շատ քիչ հավանական է, որ դառնա 11% կամ 12%»: