ԱԺ-ն կքննարկի պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը ԶԼՄ-ներին անվճար տրամադրելու օրինագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագծին: Այսօր հանձնաժողովի նիստում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Օրենքի նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, մասնավորապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են լրատվական գործունեություն, հասանելի դարձնել պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները: Այդ տեղեկություններն այսօր էլ հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրք վճարելուց հետո»,- ասաց Գալյանը:
Լրատվական գործունեություն իրականացնողը, որը ցանկանում է ստանալ հասանելիություն պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման, պետք է գործակալություն ներկայացնի համապատասխան հայտ, որի ձևը սահմանվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով: