«Ryanair-ի հանդեպ բողոքները հիմնականում կոմերցիոն խնդիրների հետ են կապված». Տաթևիկ Ռևազյան

Հունվարի 7-ին Սարգիս Սիմոնյանը, որն աշխատել է Ryanair ավիաընկերությունում, բայց նամակ էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կրկին շեշտել էր Ryanair ընկերության ներկայացրած վտանգի, սպառողներին գրավելու մարքետինգային խաղերի, կոռումպացված լինելու ու անվտանգության խնդիրների մասին: Բաց նամակի համաձայն՝ 25 րոպեում անհնար է ինքնաթիռի անվտանգության ստուգում կատարել ու միաժամանակ ուղևորներին նստեցնել: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համար այս անհանգստություններն այնքան էլ տեղին չեն:

«Ավիաընկերությունը փող է աշխատում, երբ օդանավն օդում է, ինքը փող է ծախսում, երբ կանգնած է: Ու դրա համար են իրենք ամեն ինչ արել, որ 25 րոպեում կարողանան օդանավը սպասարկել»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, թե բողոքներից տեղյակ է, անգամ հանդիպել է այն մարդու հետ, ով աշխատել է Ryanair-ում ու բողոքում է այդ ընկերությունից:

Տ. Ռևազյանը նաև տեղյակ է միջազգային մամուլի այն լուրերին, որ Ryanair ավիաընկերությունը լավ չի վերաբերվում իր աշխատակիցներին: Այդուհանդերձ, դա ևս Ռևազյանի համար մտահոգություն չէ: Խորհուրդ է տալիս այդ լուրերը տարանջատել Հայաստանքից, քանի որ Ryanair լոուքոսթերը հայկական ավիաընկերություն չէ, ու իրենք չեն կարգավորում աշխատողների վիճակը:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի համար աբսուրդ են խոսակցությունները, որ ասում են, թե 25 րոպեում ծառայությունների իրականացումը ազդում է թռիչքային անվտանգության վրա: Ասում է՝ եթե Ryanair-ն անվտանգության խնդիր ունենար, Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունը չէր լինի:

«Իրենք որ ծախսերը նվազեցնում են, պարզ է, որ կարող են խնդիրներ առաջանալ: Եթե ուղևորը սովոր չի, կարող է խնդիրների առաջ կանգնել: Բայց եթե ուղևորը պատրաստ գնա, դժվար լուրջ խնդիրներ առաջանան: Այստեղ ավելի շատ կոմերցիոն խնդիրներ են, ոչ թե թռիչքային անվտանգության: Ու բողոքները Ryanair-ի հանդեպ հիմնականում կոմերցիոն խնդիրների հետ են կապված»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս