10 պետական մրցանակ կսահմանվի. ԱԺ հանձնանժողովը դրական եզրակացություն է ներկայացրել
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծին: Այս մասին օրենքի նախագիծը հունվարի 13-ին ընթացող հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Ներկայում ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ: Վերոնշյալ որոշումը բավականին ծավալուն է, բացի այդ մի շարք հարցերի կարգավորումը դրված է կառավարության վրա, այդ թվում` պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ պետական մրցանակների կարևորությունը` առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով` միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը»,- ասաց Գրիգորյանը:
Օրենքի նախագծով սահմանվել է 10 պետական մրցանակ.
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:
Կառավարությունն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման և հանձնման կարգը սահմանում է կառավարությունը: