Համագյուղացու տնից ոսկեղեն ու փող էր գողացել
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Լեռնավան գյուղի մի տնից գողացել են ոսկյա զարդեր ու 15 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սպիտակի ոստիկաններն իրականացրին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները հետքը գտան։
Նրանց տեսադաշտում հայտնվեց հենց Լեռնավանում ապրող 33-ամյա մի տղամարդ։ Կասկածվողը հունվարի 10-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։ Տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել։
Նրան մեղադրանք է առաջադրվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։