Ճապոնացի միլիարդատեր Մաեձավան կին է փնտրում Լուսին թռչելու համար
Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը: Այդ մասին հայտարարությունը 44-ամյա ճապոնացի միլիարդատերը զետեղել է իր կայքում՝ նշելով, որ կցանկանար այդ արկածը կիսել իր սիրած կնոջ հետ: Հավակնորդուհիներից հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 17-ը, տեղեկացնում է BBC-ին:
Այս ամռանը Մաեձավան Իլոն Մասքի ընկերության կողմից ընտրվել է որպես առաջին առեւտրային սպասարկյալ դեպի Լուսին թռիչքների համար:
Ամերիկացի աստղանավորդների վերջին թռիչքը Լուսին կայացել է 1972 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր մարդիկ չեն ձեռնարկել նման առաքելություններ:
Մաեձավան վերջերս բաժանվել է 27-ամյա դերասանուհի Այամե Գորիկիից: «Միայնությունն ու ունայնությունը պատում են ինձ, բայց այնուամենայնիվ մի բան եմ ցանկանում. մշտապես սիրել մի կնոջ»,- գրել է նա: Նոր ընկերուհու ընտրությունը ճապոնացի ձեռանարկատերը պլանավորում է կատարել եռամսյա ժամկետում: Թկնածու կանանց առաջադրվող պահանջների ցանկում նշված է, որ նա պետք է լինի 20-ից բարձր տարիքի, չամուսնացած, թեկնածուն պետք է «միշտ լինի պոզիտիվ»: Ենթադրվում է համաձայնությունը տիեզերք թռչելուն: Յուսակու Մաեձավան իր կարողությունը, որը ենթադրաբար գնահատվում է 3 միլիարդ դոլար, վաստակել է Zozo հագուստի վաճառքի մանրածախ ցանցում: