«Փետրվարից Լարսի անցակետում ՊԵԿ-ը կունենա ներկայացուցիչ». Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ Լարսի անցակետում ՊԵԿ-ը շուտով ունենալու է ներկայացուցիչ, որի թեկնածությունն արդեն ներկայացվել է Կառավարությանը:
«Մենք արդեն ունենք Արտգործնախարարության տեսակետը, կարծում եմ՝ այս ամիս նշանակում կունենանք, և փետրվարից մեր ներկայացուցիչն այնտեղ կլինի: Գործնականում մեր ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունենք, սակայն ամեն դեպքի համար, երբ լրացուցիչ պարզաբանման կարիք է լինում, համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք գործընկերների հետ աշխատել, բայց առանց ներկայացուցիչ, դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց որ միջամտել են և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծում են տվել շատ խնդիրների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկերի հավաքագրմանը, Դավիթ Անանյանը նշեց, որ կոնկրետ հաշիվ չունի, թե քանի հոգի են հայտարարագրել իրենց եկամուտները:
«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ունենք, որպեսզի հարկ վճարելու մշակույթ ձևավորենք: Նրանք մեզ շատ են օգնում և արդեն այդ ամենը դարձնում են մշակույթի մակարդակի»,- հավելեց նա:
Քրեական գործերի հետ կապված էլ ՊԵԿ նախագահը մեկնաբանություններ չտվեց, անուններ չհնչեցրեց՝ նշելով, որ կարևորն այդ գործերը չեն, կարևորն այն է, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու հետ կապված հետաքրքրություն: