Սամվել Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ

Ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ:

Ընդ որում, Ս. Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որևէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստակամ է քննարկելու ստացվող առաջարկները` խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցությանն անվերապահ աջակցելու, հետևապես` Արցախի զարգացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության ծրագրային դրույթների իրականացման պայմանով:

Նշենք նաև, որ Ս. Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից և ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները ապօրինի կերպով նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Այս գործողություններն անօրեն ճանաչելու հայցով Ս. Բաբայանը դիմել է դատարան: Սույն գործով նախնական դատական նիստի հերթական օր է նշանակվել ս.թ. հունվարի 23-ը:

Սամվել Բաբայանի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս