Երկու կին առաքիչից պահանջել են 1 միլիոն դրամ՝ լռելու դիմաց. shamshyan.com
Հունվարի 11-ին, ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը:
Նրանք են՝ 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս կասկածվում են Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Կարեն Գ.-ից 2019 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում 1 միլիոն դրամ շորթելու մեջ:
Կանայք Կարեն Գ.-ից գումարը շորթել են՝ ասելով. «Անձնական կյանքիդ վերաբերող տեղեկություններ չհրապարակելու դիմաց պետք է տաս այդքան գումար»: Բերման ենթարկվելուց հետո Թ. Շահբազյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթման առարկա հանդիսացող գումարի մի մասը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Թ. Շահբազյանն ու Վ. Դամբուրաջյանը ձերբակալվել են:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Կարեն Գ.-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: